«Տավուշի մարզում դաժանորեն ծեծված 6-ամյա երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, նրա կյանքին դեռևս վտանգ է սպառնում: «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները շարունակում են պայքարել փոքրիկի կյանքի համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» բկ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։
«Տավուշի մարզում դաժանորեն ծեծված 6-ամյա երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, նրա կյանքին դեռեւս վտանգ է սպառնում: «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները շարունակում են պայքարել փոքրիկի կյանքի համար:
Մյուս՝ 4-ամյա երեխայի մոտ այսօր դրական դինամիկա կա, առկա է գանգային արյունազեղում։ Երկուսն էլ շարունակում են գտնվել վերակենդանացման բաժանմունքում:
Ընտանիքի մյուս 5 երեխաները, որոնք նախօրեին նախնական սուր էկզոգեն թունավորմամբ տեղափոխվել էին Երևանի «Մուրացան» բժշկական կենտրոն գտնվում են կայուն վիճակում, ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ 2020 թ. օգոստոսի 14-ից 16-ն ընկած ժամանակահատվածում Տավուշի մարզի Խաշթառակ համայնքի 58-ամյա բնակիչը իր հանգիստը խանգարելու պատճառով, 2014 թ. ծնված անչափահաս թոռան առողջությանը ծանր վնաս պատճառելու դիտավորությամբ, ձեռքերով, ոտքերով և փայտով բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին, որի հետևանքով 6-ամյա երեխան վայր է ընկել, գլխով հարվածել է բազմոցի ոտնակին, ստացել կյանքի համար վտանգավոր բազմաթիվ մարմնական վնասվածքներ և անգիտակից վիճակում տեղափոխվել «Արաբկիր» բժշկական կենտրոն։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով։
Քրեական գործով 3 անչափահաս երեխաները ճանաչվել են տուժող, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
58-ամյա տղամարդը ձերբակալվել է և հարցաքննվել: