Շրջակա միջավայրի նախարարության կողմից համապատասխան գրություն է ուղարկվել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ բնության հատուկ պահպանվող տարածքներում պատշաճ վերահսկողություն իրականացնելու, կարմիրգրքյան բուսատեսակների պահպանության հարցում առանձնահատուկ միջոցներ ձեռնարկելու համար:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը: «Առանձնացվել են այն տարածքները, որտեղ մեր քաղաքացիներն առավել հաճախ են այցելում, ինչպես օրինակ՝ Գոշ լիճը, Ստեփանավանի դենդրոպարկը, Կոտայքի ու Գեղարքունիքի մարզերի սահմանագլխին գտնվող Ակնալիճը, էկոտուրիզմի արդեն ճանաչված ուղղություն դարձած Դիլիջան ազգային պարկն ու Պարզ լիճը։ Վերոհիշյալ տարածքներում քաղաքացիների թողած աղբը ստիպված են լինում հավաքել բնության հատուկ պահպանվող տարածքներում պահպանություն իրականացնող կառույցների աշխատակիցները, ինչն անթույլատրելի է»,- գրել է նախարարը:
Նա անընդունելի է համարել նաև բնության հատուկ պահպանվող տարածքներ մեկնելիս էկոհամակարգի խաթարումը:
Նախարարը Շրջակա միջավայրի նախարարության մասնագիտական ստորաբաժանումներին հանձնարարել է աչալրջորեն մշտադիտարկման ենթարկել քաղաքացիներից ստացվող բոլոր ահազանգերը, հետևողական լինել և իրեն ներկայացնել կատարված աշխատանքների արդյունքները։
«Հանձնարարել եմ բացառել կարմիրգրքյան տեսակներին վնասելու դեպքերը՝ օգտագործելով օրենքով նախարարությանը վերապահված ամբողջ գործիքակազմը։ Ավելի հոգատար լինենք բնության հանդեպ, չէ որ պարտավոր ենք այն սերունդներին փոխանցել անվնաս»,- եզրափակել է Ռոմանոս Պետրոսյանը: