Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոսության համագործակցությամբ` օգոստոսի 24-ին Հայաստանի հումանիտար առաքելության բժշկական խումբը Հալեպի բուժհաստատություններին փոխանցել է ավելի քան 2 տոննա բժշկական և առողջապահական պարագաններ: Այս մասին հայտնում են «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Առողջապահության ոլորտի պատասխանատուններն իրենց երախտիքն են հայտնել հայ բժիշկներին` տրամադրված բժշկական պարագաների համար և «Հայ ծերանոց», «Դարմանատուն», «Բեթել» ընկերաբժշկական կենտրոններում, մի շարք այլ բուժհաստատություններում ցուցաբերած բժշկական ամենօրյա օժանդակության համար:
Նրանց խոսքով՝ հայ և սիրիացի բժիշկները համատեղ ջանքեր են գործադրում տուժածներին օգնելու համար: Հոսպիտալի տնօրենը շնորհակալություն է հայտնել նաև Հայաստանի իշխանություններին, առողջապահական մարմիններին` առաջին իսկ օրերից ցուցաբերած օգնության և աջակցության համար։
Հայաստանի մարդասիրական խումբը «Սիրիայի Օգնության Խաչ»-ի վարչության համագործակցությամբ, Հալեպում հայ համայնքին պատկանող «Ազգային Պատսպարան» մանկատան սաներին փոխանցել է անհրաժեշտ պարագաներ և սնունդ: ՍՕԽ-ի վարչակազմը ողջունել և շնորհակալություն է հայտնել մարդասիրական խմբին այս դժվար պայմաններում օգնություն ցուցաբերելու և երեխաների մասին հոգալու համար: