Երևանում մեկնարկել է Վիլյամ Սարոյանի ծննդյան 112-ամյակին նվիրված #saroyanweek-ը. շաբաթը կնշանավորվի ամերիկահայ նշանավոր գրողի ծննդյան օրվա առթիվ կազմակերպված միջոցառումներով:
Օգոստոսի 25-ից «Զանգակ» գրատանը բացվել է Սարոյանի գրաֆիկական աշխատանքների վերատպությունների ցուցադրությունը: Ներկայացված աշխատանքները Կալիֆորնիայի համալսարանի հայագիտության ամբիոնի և «Forever Saroyan» ՍՊԸ-ի արխիվից են:
Ցուցահանդեսը և #saroyanweek-ը կազմակերպվել են «Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամի կողմից:
Հայտնի ամերիկահայ արձակագիր և դրամատուրգ Վիլյամ Սարոյանը (William Saroyan) ծնվել է 1908 թվականի օգոստոսի 31-ին՝ Ֆրեզնո քաղաքում (Կալիֆոռնիայի նահանգ)՝ հայ գաղթականների աղքատ ընտանիքում։
Նրա ստեղծագործությունների հերոսները պարզ և ոչ այնքան երջանիկ մարդիկ են, որոնց մասին նա գրել է մեծ ջերմությամբ, կարեկցանքով և նրանց ավելի լավ ապագայի հույսով:
Սարոյանը գրել է ավելի քան մեկուկես հազար պատմվածք, տասներկու պիես և մոտ տասը վեպ: Նրա լավագույն ստեղծագործություններից է համարվում «Մարդկային կատակերգություն» (The Human Comedy, 1942) վեպը, որը մասամբ ինքնակենսագրական է։ Հայտնի են նաև «Վեսլի Ջեքսոնի արկածները» (Adventures of Wesley Jackson, 1946) և «Մայրիկ, ես քեզ սիրում եմ» (Mama I Love You, 1956) վեպերը։
1940-ին լույս է տեսել «Իմ անունն Արամ է» (My Name Is Aram) պատմվածքների ժողովածուն, 1944-ին՝ «Իմ սիրելի մանչուկներ»-ը:
Վիլյամ Սարոյանը մահացել է 1981թ. մայիսի 18-ին՝ Ֆրեզնոյում, որտեղ էլ թաղվել է։ Գրողի կտակի մեջ թողած կամքը կատարելով՝ նրա սրտի մի մասը հողին է հանձնվել Հայաստանում՝ Արարատի ստորոտին, որից ոչ հեռու գտնվում է Վանա լիճը, իսկ հետո՝ Բիթլիս քաղաքը՝ Սարոյանի ծնողների հայրենիքը։