Ժամը 13։01-ին փրկարարները Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանի Ռայնիսի 3 հասցեի շենքի փլատակների տակից դուրս են բերել 56–ամյա Արթուր Ղազարյանի դին։
Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հայտնեց արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։
Հիշեցնենք՝ վաղ առավոտյան Քանաքեռ-Զեյթունում՝ Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, շենքը մասնակի փլուզվել է։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի երկու փրկարարական և կինոլոգիական խմբերը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ և Բուժապահովման վարչության հերթապահ խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։
Փրկարարների կողմից իրականացվել է 19 քաղաքացու տարհանում։ Ըստ նախնական տվյալների փլատակների տակից դուրս է բերվել երկու քաղաքացի, ովքեր հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր․ տուժած Սվետլանա Ս․-ն (ծնված 1949 թ․) այժմ գտնվում է հետազոտման փուլում, բժիշկները նրա առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության, իսկ մյուս տուժած Էդգար Մ․-ինը (ծնված 1979 թ․)՝ ծայրահեղ ծանր:
Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել Ռայնիսի փողոցի թիվ 1 քառահարկ պանելային շենքում։ Մասնակի փլուզվել է նույն շքամուտքում գտնվող 12 բնակարան։ Կինոլոգիական խումբն իրականացնում է որոնողափրկարարական աշխատանքներ։
Դեպքի վայրում են գտնվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։
Փրկարարական աշխատանքները շարունակվում են․ դեպքի վայրում են ընդհանուր թվով 72 փրկարար ծառայող։
Իրականացվել է օդային հետախուզություն և մշտադիտարկում անօդաչու թռչող սարքերի միջոցով։ Դեպքի վայրում են նաև Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի 10 աշխատակից։
Նախնական տեղեկություններով՝ պայթյունի պատճառը գազի արտահոսքն է դարձել։ ԱԻ նախարարի խոսքով՝ վերջնական պատասխանը կունենան միայն հետաքննության ավարտից հետո. գործով զբաղվում է ՀՀ ոստիկանության քննչական վարչությունը։
Ինչ է կատարվում Երևանում պայթյունի վայրում. տեսանյութ
Ուղիղ.Երևանում բնակելի շենքը պայթյունի հետևանքով մասնակի փլուզվել է
Опубликовано Armenia Today – հայերեն Среда, 26 августа 2020 г.