ՀՀ Կառավարությունն այսօր՝ օգոստոսի 27-ին, տեղի ունեցած նիստում ընդունեց «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» և «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենսդրական նախագծերի փաթեթը:
Նախագծերով առաջարկվում է նախատեսել վարակիչ հիվանդությունների՝ ՀՀ տարածք ներթափանցման, ներբերման, դրա ծագման և վտանգի, բռնկումների, համաճարակի առաջացման, ինչպես նաև դրանց հետևանքով արտակարգ իրավիճակի առաջանալու դեպքերում կարանտին սահմանելու հնարավորություն:
Կարանտին հնարավոր են սահմանել.
- առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը,
- Մարզպետերը կամ Երևանի քաղաքապետը՝ համապատասխան վարչատարածքային միավորում կամ դրա առանձին տարածքում, այդ թվում՝ տվյալ տարածքում գործունեություն իրականացնող կազմակերպությունների տարածքներում,
- ՀՀ Կառավարությունը՝ ՀՀ ամբողջ տարածքում, պետական սահմանի անցման կետերում և այն դեպքերում, երբ համաճարակի գոտին ներառում է երկու կամ ավելի մարզեր՝ ներառյալ արտակարգ իրավիճակի հիմք հանդիսացող կարանտինի դեպքերը։
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն առանձնացրեց մարզպետերի և Երևանի քաղաքապետի կողմից կարանտինի սահմանման դեպքերում իրականացվող հնարավոր հետևյալ միջոցառումները՝
- համաճարակի գոտում մուտքի և ելքի ռեժիմի սահմանում,
- պետական սահմանով հաղորդակցության ժամանակավոր դադարեցում կամ սահմանափակում,
- անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքի և տրանսպորտային միջոցների տեղաշարժման սահմանափակումներ,
- օբսերվացիա (հետազոտում), ինքնամեկուսացում, մեկուսացում:
Այն դեպքերում, երբ կարանտին կսահմանվի կառավարության կողմից՝ պայմանավորված արտակարգ իրավիճակի հիմք հանդիսացող համաճարակով, հնարավոր կլինի կիրառել նաև ավելի խիստ միջոցառումներ:
Նախարարը պարզաբանեց, որ խոսքը սահմանափակումներ կիրառելու հնարավորության մասին է. ամենևին պարտադիր չէ, որ յուրաքանչյուր դեպքում դրանք գործի դրվեն: Սահմանափակումներն են՝
- հավաքներ կամ հանրային միջոցառումներ կազմակերպելու, կամ դրանց մասնակցելու սահմանափակումներ, իրավաբանական անձանց գործունեության սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների սահմանում,
- ապրանքների փոխադրման սահմանափակումներ,
- կրթական հաստատությունների գործունեության սահմանափակումներ,
- սահմանափակումներ՝ պետական ու պետական և տեղական ինքնակառավարաման մարմիններում և այլ հաստատություններում:
Նախարարն ընդգծեց, որ նախագծերը սահմանված ժամկետում ԱԺ-ում ընդունվելու դեպքում սեպտեմբերից չի երկարաձգվի կորոնավիրուսի համավարակի հետևանքով հայտարարված արտակարգ դրությունը, և հակահամաճարակային կանոնները կսահմանվեն ըստ նոր օրենքի: