ՅՈՒՆԻՍԵՖ-ը միանվագ դրամական օգնություն կտրամադրի 0-18 տարեկան 3110 երեխաների։ Ծրագրի շահառու են հանդիսանում Հայաստանի ողջ տարածքում բնակվող նպաստառու ընտանիքների հաշմանդամություն ունեցող երեխաները: Միանվագ դրամական օգնությունը կկազմի 26 500 դրամ՝ յուրաքանչյուր երեխայի համար: Այս մասին հայտնում է ՅՈՒՆԻՍԵՖ-ը։
Աջակցության տրամադրման վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք է բերվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի միջև: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 82,415,000 դրամ: Աջակցության գումարի չափը որոշվել է նախարարության հետ համատեղ՝ հիմնվելով նախկին սոցիալ-տնտեսական աջակցության փաթեթների և նվազագույն սպառողական զամբյուղն ապահովելու համար անհրաժեշտ միջոցների հաշվարկի վրա։
«ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ մենք հույս ունենք օժանդակել ոչ միայն հաշմանդամություն ունեցող ամենախոցելի երեխաներին, այլև՝ քարտեզագրել առողջապահական և սոցիալ-հոգեբանական աջակցության ծառայությունների կարիքը հանրապետության ողջ տարածքում և միասնական մոտեցում մշակել՝ հետագայում այս ծառայությունները համակարգելու և իրականացնելու ուղղությամբ»,- նշել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։
Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Մարիան Քլարք-Հաթինգի խոսքով՝ հաշմանդամություն ունեցող երեխաները, հատկապես նրանք, ովքեր ապրում են ամենաաղքատ տնային տնտեսություններում, անհամաչափորեն են զգում կորոնավիրուսային համավարակի բացասական ազդեցությունը։ «Եթե համակարգված գործողություններ չիրականացնենք կորոնավիրուսային համավարակի սոցիալ-տնտեսական ազդեցությունը չեզոքացնելու և համավարակին պատասխան հարված հասցնելու համար, արդեն իսկ ծայրահեղ ծանր պայմաններում ապրող հազարավոր երխաներ է՛լ ավելի ծանր իրավիճակում կհայտնվեն», – նշել է նա։
Աջակցությունը տրամադրվելու է հանրապետության սոցիալական պաշտպանության համակարգի և գանձապետարանի միջոցով ամսական ընտանեկան նպաստների վճարումների հետ համատեղ՝ համագործակցության վերաբերյալ փաստաթղթի ստորագրելու պահից մեկ-երկու ամիսների ընթացքում։ Տրամադրված աջակցության գործընթացին գործընկերները հետևելու են համատեղ։
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակել են տեղեկատվական փաթեթ՝ ծրագրի շահառու հանդիսացող հաշմանդամություն ունեցող 3110 երեխաների ծնողների և խնամակալների համար։ Այն շահառուներին կհասնի «Հայփոստ»-ի աջակցությամբ:
Որպես երկարաժամկետ աջակցություն՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պատրաստ է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրել տեխնիկական աջակցություն՝ հոգեկան առողջության և հոգե-սոցիալական աջակցության ծառայությունները զարգացման համար։
Նշենք, որ աջակցությունը տրամադրվում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի և Հայաստանի կառավարության միջև համագործակցության 2016-2020 թթ. ծրագրի համաձայն, ինչպես նաև 2019-2020 թ. գործողությունների երկամյա ծրագրի, ՄԱԿ-ի ՔՈՎԻԴ-19 բազմոլորտ արձագանքման և ՄԱԿ-ի համատեղ «ՔՈՎԻԴ-19-ը և կայունությունը Հայաստանում՝ խոցելի մարդկանց և համայնքների վրա սոցիալ-տնտեսական ազդեցության մեղմման» ծրագրի շրջանակներում: