Վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով վաստակաշատ արվեստագետ Լևոն Աթոյանցը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալով, որը երեկ երեկոյան դրամական պարգևի հետ նրան են հանձնել ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը և տեղակալ Արա Խզմալյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։
Շնորհակալություն հայտնելով պարգևի և գնահատանքի համար՝ Աթոյանցը ասել է.
«Կյանքիս 90 տարիների ընթացքում ես վերջապես փոփոխություն եմ տեսնում. առաջին անգամ արժանանում եմ պետական այս մակարդակի ուշադրության և պարգևի»։
Նա նաև կատակել է, թե այսօրվանից սկսում է իր 100-ամյակի գլխավոր փորձը։
Շնորհավորելով պատկառելի հոբելյանի կապակցությամբ և բարձր գնահատելով արվեստագետի վաստակը հայ կինոյի պատմության մեջ ու նրա մտավորականի կեցվածքը` նախարար Հարությունյանը շեշտել է, որ երիտասարդ մասնագետների մի քանի սերունդ պրոֆեսիոնալ հմտությունները ձեռք է բերել նրա ջանքերի ու անշահախնդիր նվիրման շնորհիվ։