Ազգային ժողովի պատգամավորներ Մխիթար Հայրապետյանի, Անդրանիկ Քոչարյանի և Արման Բաբաջանյանի կողմից շրջանառության մեջ է դրվել օրենքների նախագծերի փաթեթ, որը հնարավորություն կտա պարտադիր ծառայություն չանցած և քրեական հետախուզման մեջ գտնվող քաղաքացիներին ազատվել քրեական հետապնդումից՝ որոշակի վճարի դիմաց: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը։
«Երեկ շրջանառության մեջ է դրվել օրենքի նոր նախագիծ, համաձայն որի՝ 27 տարին լրացած ՀՀ քաղաքացիները, որոնք չեն անցել պարտադիր զինվորական ծառայություն և գտնվում են քրեական հետախուզման մեջ, պայմանագրային զինվորական ծառայողի երկու տարվա աշխատավարձ վճարելու դեպքում կազատվեն քրեական հետապնդումից։ Բացի այդ, վերոնշյալ գումարը վճարելուց և քրեական հետապնդումից արդեն իսկ ազատվելուց հետո առաջիկա երեք տարվա ընթացքում երկու տարի ժամկետով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու դեպքում վճարված գումարն ամբողջությամբ հետ կստանան, ինչպես նաև հանրային ծառայության անցնելու հնարավորություն կստանան»,- ասվում է հրապարակման մեջ։
Պատգամավորները հեղինակել են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «ՀՀ քրեական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը։