Խորհրդարանը առաջին ընթերցմամբ 118 կողմ, 0 դեմ, 1 ձեռնպահ ձայներով ընդունեց «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը։
Նախագծով առաջարկվում է «Հայավտոկայարան» ՓԲԸ-ն հանել 2017-2020 թվականներին մասնավորեցման առաջարկվող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների, մասնավորեցման օբյեկտների (այդ թվում` մասնավորեցման նախորդ ծրագրերում ընդգրկված) ցանկից:
Նշվել է, որ ներդրումային ծրագրերի ներգրավմամբ, այդ թվում նաև կառավարության օժանդակությամբ կիրականացվեն ավտոկայարանային համակարգի բարեփոխումներ, ինչի արդյունքում կբարձրանան մատուցվող ավտոկայարանային ծառայությունների որակը և միջպետական ու ներհանրապետական ուղևորափոխադրումերի կազմակերպումը կդառնա առավել արդյունավետ:
Հիշեցնենք, որ երեկ խորհրդարանում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, ներկայացնելով նախագիծը, նշեց, որ ներկայումս տարածքային կառավարման նախարարության կողմից երկրի ամբողջ տարածքում ներդրվում է միասնական երթուղային ցանց, որի արդյունքում բոլոր համայնքներն ապահովված կլինեն որակյալ, մատչելի և արդյունավետ տրանսպորտային սպասարկմամբ:
Միասնական երթուղային ցանցը մշակված է, երթուղիները գծված են, ծրագրային ապահովումը կա: Գտնվում ենք այն փուլում, որ մշակում ենք մրցութային կարգը: Սիմոնյանը հույս էր հայտնել, որ կարգը 1-1.5 ամսվա ընթացքում կարգը կընդունվի:
Կարգի ընդունումից անմիջապես հետո կհայտարարվի մրցույթը: Մրցույթն ըստ կարգի հայտարարվում է համակարգի ներդրումից 3 ամիս առաջ: Նախատեսվում է միասնական տոմսավորման համակարգի և ինտերակտիվ քարտերի ներդրում: