Խորհրդարանը առաջին ընթերցմամբ 80 կողմ, 17 դեմ, 21 ձեռնպահ ձայներով ընդունեց «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և դրան կից օրենքների նախագծերի փաթեթը։
Նախագծով առաջարկվում է հանել տեխնիկական զննության կտրոնի տրամադրման պահանջը և վերահսկողությունն իրականացնել էլեկտրոնային շտեմարանի ու արատորոշման քարտի միջոցով: Արատորոշման քարտը լրացվելու է էլեկտրոնային եղանակով և պահպանվելու է էլեկտրոնային շտեմարանում, ինչը հնարավորություն է տալու վերահսկողություն իրականացնել նաև էլեկտրոնային եղանակով՝ առանց տրանսպորտային միջոցը կանգնեցնելու: Միաժամանակ գործող էլեկտրոնային ծրագիրը թույլ է տալու վերահսկել տեխնիկական զննության փաստացի իրականացումը: Այն արձանագրելու է տրանսպորտային միջոցի արգելակային ստենդի վրա բարձրանալը` ֆիքսելով տվյալ տրանսպորտային միջոցի քաշը: Փոխվելու է տեխնիկական զննության պարբերականությունը՝ տրանսպորտային միջոցների առաջին տեխնիկական զննությունն իրականացվելու է թողարկմանը հաջորդող չորրորդ տարում, մինչև թողարկման 10 տարին՝ երկու տարին մեկ անգամ, իսկ 10 տարեկանից բարձրի դեպքում՝ տարեկան մեկ անգամ պարբերականությամբ:
Հիշեցնենք, որ երեկ խորհրդարանում ելույթ ունեցող պատգամավորների կարծիքները միանշանակ չէին. որոշ պատգամավորների գնահատմամբ՝ փաթեթը լրամշակման կարիք ունի, այլ պատգամավորներ էլ անհրաժեշտ էին համարում փաթեթի ընդունումը, քանի որ այն ըստ նրանց ոչ միայն նպաստելու է մարդկանց կյանքի ու առողջության պահպանմանը, այլև ունի հստակ նպատակ՝ իրականացնել շահագործվող տրանսպորտային միջոցի իրական տեխզննում՝ բացառելով այժմյան ձևական մոտեցումը:
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության դրական դիրքորոշումը ներկայացրել է Գևորգ Պապոյանը: Անդրադառնալով գործընկերների ելույթներին, որոնք կարծում էին, թե փաթեթի ընդունումը բացասաբար է անդրադառնալու մարդկանց կենսամակարդակի վրա՝ նա նշել է, որ նախաձեռնության ընդունումը դրական ազդեցություն է ունենալու մարդկանց կյանքի և առողջության պահպանման տեսանկյունից: