Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ 119 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով ընդունեց ԱԺ պատգամավորներ Մխիթար Հայրապետյանի, Նիկոլայ Բաղդասարյանի և Նարեկ Զեյնալյանի հեղինակած «Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:
Հեղինակներն առաջարկում են կարգավորել խաչմերուկներում կամ դրանց շատ մոտ գտնվող դեղատների «կանաչ խաչ» գովազդային լուսատախտակի և «դեղատուն» վերտառությամբ գովազդային վահանակների առկայությունը, քանի որ դրանք վարորդների կողմից նույնացվում են տրանսպորտային երթևեկությունը կարգավորող լուսացույցների կանաչ լույսի հետ և հաճախ վթարների պատճառ դառնում:
Հեղինակներն առաջարկում են սահմանել վարչական պատասխանատվություն՝ դեղատնային գործունեություն իրականացնելու համար լիցենզիա ստացած իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից ՀՀ դեղատնային գործունեության իրականացման ընթացքում լիցենզավորման պարտադիր պահանջները կամ պայմանները խախտելու համար: Նիկոլայ Բաղդասարյանը տեղեկացրել է, որ Կառավարությունն առաջարկներ է ներկայացրել, որոնք հեղինակներն ընդունել են: