Պետական եկամուտների կոմիտեն նպատակահարմար չի համարում հետաձգել հագուստի մաքսազերծման նոր կարգի անցումը, ըստ որի հագուստն ու կոշիկն արդեն մաքսազերծվում են ոչ թե կիլոգրամով, այլ հատով: Այս մասին ԱԺ-ում ասաց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի առաջարկին, այն է՝ կորոնավիրուսի ճգնաժամի ընթացքում, որոշակի ժամանակով պահել միջանկյալ շրջանը, որում հագուստը կրկին կշարունակվի մաքսազերծվել կիլոգրամով, հետո նոր անցում կատարել նոր կարգին:
ՊԵԿ նախագահն արձագանքեց՝ եթե հարցը ժամանակին չի հանրայնացվել, չի նշանակում, թե այդ դաշտի հետ պայմանավորվածություն չեն կնքել:
«Այս անցումը նախատեսված է եղել 2020 թվականի ապրիլի 1-ից. բոլոր տնտեսավարողները տեղյակ են եղել: Հնարավոր է, որ լինեն 1-2 տոկոս տնտեսավարողներ, որոնք տեղյակ չեն եղել: Ես չեմ կարծում, որ պետական մարմինը պետք է պարտադիր հանրային համաձայնությամբ ամրագրի իր գործողությունների հետագա պատկերացումները: Եվ այդ պայմանավորվածությունը եղել է, ես նպատակահարմար չեմ համարում ժամկետի հետաձգումը․ դա մեր դիրքորոշումն է»,-ասաց նա։
Ավելի վաղ Պետական եկամուտների կոմիտեում հանդիպում է կայացել հագուստի բեռնափոխադրմամբ զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու վերջին շրջանում հագուստի ներկրման հետ կապված խնդիրները։ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը հանդիպման մասնակիցներին կառուցողական երկխոսության կոչ է արել, վստահեցնելով, որ կոմիտեն բաց է ու պատրաստ՝ առողջ քննարկումների, համագործակցության և առաջարկությունների համար՝ ելնելով ստվերի դեմ սկզբունքային և անզիջում պայքարի դիրքերից։ Նշվել է, որ հարցի վերանայման նպատակով հանդիպումներ, քննարկումներ են եղել տարբեր հարթակներում, որպեսզի լուծումները տնտեսվարողների համար առավել հարմարավետ և ընդունելի լինեն, ինչպես նաև ցածր լինի կիլոգրամի փոխարեն հատով մաքսազերծվող հագուստի արժեքը։