Հուլիսյան դեպքերից հետո ադրբեջանական կողմի հրետակոծության հետևանով Տավուշի մարզում վնասված 51 տանիքներն ամբողջությամբ վերանորոգվել են։ Ընթացքի մեջ են ևս 7 տանիքների վերանորոգման աշխատանքները, որոնք կավարտվեն առաջիկա մեկ- երկու շաբաթվա ընթացքում։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։
Նա մանրամասնել է, որ հակառակորդի պատճառած վնասները վերացնելու նպատակով մարզում 3 բնույթի շինարարական աշխատանքներ են ծավալվում։ Տանիքներից հետո տների վերակառուցումն է։
«Վերանորոգման ժամանակ մենք հասկացանք, որ բավականին արմատական փոփոխությունների կարիք կա։ Ընթացքի մեջ են 20-ից ավել տների վերակառուցման աշխատանքները, ևս 2 շաբաթ և հակառակորդի հրետակոծության արդյունքում վնասված տների նորոգումը կավարտվի»,- փոխանցեց մարզպետը։
Հրետակոծությունից տուժել են Չինարի, Այգեպար և Ներքին Կարմիրաղբյուր համայնքները։ Շինարարության երրորդ փուլով նաև այս համայնքների անվտանգության հարցն է լուծվում։
«Երրորդ փուլը վերաբերվում է փողոցներին, ցանկապատերին, դարպասներին։ Մենք նաև փոխում ենք գյուղերի ոճաբանությունը։ Եվ այն փոփոխությունները, որոնք առ այսօր կատարվել են, մոտավորապես ցույց են տալիս, թե ինչ ուղղությամբ պետք է աշխատանքները գնան։ Ընդհանուր առմամբ մեր աշխատանքների ծավալները մոտ 10 000 քմ տանիք է, 5 քմ դուռ, պատուհաններ, 150 գծամետր պարիսպներ, որոնց աշխատանքը մեկ ամսից կավարտենք։ Այդ պարիսպների շինարարության ժամանակ հաշվի է առնվում ոչ միայն տեղական ոճաբանությունը, այլ՝ անվտանգությունը։ Այն հատվածները, որտեղ անվտանգային լուրջ խնդիրներ կան, պարիսպները կառուցվում են մինչև 2 մետր բարձրությամբ, որպեսզի նաև լուծենք ճանապարհների անվտանգության խնդիրը»,- ասաց նա։
Այս աշխատանքներն, ըստ Չոբանյանի, մեկ ամսից կավարտվեն։ Նա նաև հայտնեց, որ հայկական կողմն ամրապնդել է սահմանի վրա դիրքերն, ինչը, երևի թե, հակառակորդին դուր չի գալիս։
«Փորձում են պրովոկացիաները շարունակել, ցավոք սրտի, մենք ունեցանք զոհ, որի համար ես ցավակցում եմ մեր ժողովրդի։ Սա պետք է ամենակոշտ ձևով արձագանք ունենա։ Մենք և՛ վինժեներական առումով, և՛ տեխնոլոգիական առումով պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մեր զինվորների կյանքին սահմանի վրա վտանգ չսպառնա» ,- հույս հայտնեց Տավուշի մարզպետը։
Չոբանյանը նաև ասել է, որ հուլիսյան դեպքերից հետո սահմանին հակառակորդի ակտիվություն է նկատվում։
Հիշեցնենք, որ Կառավարության որոշմամբ Տավուշում հրետակոծության հետևանքները վերացնելու համար հատկացվել է ավելի քան 277 մլն դրամ։
Հիշեցնենք նաև, որ հուլիսի 16-ի գիշերը ադրբեջանական բանակի հատուկ ստորաբաժանման մի քանի տասնյակ զինծառայողների մասնակցությամբ հարձակում է սկսվել Տավուշի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա։
Ընդհանուր առմամբ, հուլիսի 15-ի դրությամբ, Ադրբեջանական կողմը հայտնել էր զինված ուժերի 12 զինծառայողի մահվան մասին։ Այսօրվա մարտերից հետո թիվը կարող է փոխվել։
ՀՀ ԶՈՒ-ի տեղեկությունների համաձայն, մարտերի ժամանակ զոհվել է հայկական զինված ուժերի 4 զինծառայող և շուրջ 20-ը վիրավորվել են։