«Կրթության մասին» օրենքում փոփոխություն, լրացումներ կատարելու օրենքի նախագիծը խորհրդարանն ընդունեց կողմ 109, ձեռնպահ 1 ձայներով: Նախագծի նպատակն է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից պետական վարչական ռեգիստրների վարման համար իրավական հիմքերի ստեղծումը: Նշվում է, որ «Կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծով ներկայացված առաջարկությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կողմից մշակվել է «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգ»՝ տվյալների հիման վրա հետազոտություններ, ուսումնասիրություններ և վերլուծություններ իրականացնող, ինչպես նաև՝ կրթական քաղաքականությամբ հետաքրքրվող հետազոտողներին և շահագրգիռ անձանց ու կազմակերպություններին լայն և բազմաշերտ տեղեկատվություն տրամադրելու նպատակով:
Նախագծի քննարկման ժամանակ Ազգային ժողովում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, անդրադառնալով 10-11 տարեկան աշակերտներին ուղղված դիմակ կրելու պահանջին, ասաց, որ ուսումնասիրել են տարբեր երկրների փորձը:
«Պատասխանատուն դուք եք. ինչպե՞ս եք վերաբերվում տարրական դասարանների աշակերտների՝ դիմակ կրելու փաստին: Միայն պետք է ասեք, որ առողջապահության նախարարության ցուցում կա և վե՞րջ: Եթե պրոբլեմներ առաջանան, դո՞ւք եք պատասխանելու, թե՞ առողջապահության մարմինը»,- հարցրեց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը, ինչին ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը պատասխանեց, որ կարգավորումը առողջապահական բնույթի է, բայց, այնուամենայնիվ, առանցքային նշանակություն ունի հասկանալ խնդրի էությունը, և առողջապահության համաշխարհային ուղեցույցերով դիմակների կրումը կարող է նախատեսվել արդեն 6 տարեկանից սկսած՝ կախված տվյալ երկրի համաճարակային իրավիճակից և գործող կարգավորումներից:
Անդրեասյանը նշեց, որ միջազգային փորձի և Հայաստանում կիրառվող կանոնի միջև չկա որևէ անհամապատասխանություն: Կոնկրետ իրավիճակի դեպքում քննարկում են նման հնարավորությունները, օրինակ՝ առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների պարագայում դիմակի կրումը ոչ թե պարտադիր, այլ որպես ցանկալի նորմ ունենալու հնարավորությունը: