ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորավորական ուղերձ է հղել Ավրորա մարդասիրական նախաձեռնության 5-րդ տարեդարձի կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Շնորհավորում եմ Ավրորա մարդասիրական նախաձեռնության հիմնադրման 5-րդ տարեդարձի կապակցությամբ: Նախաձեռնության հիմնադիր անդամներին և ողջ անձնակազմին հղում եմ իմ ջերմ ողջույններն ու լավագույն բարեմաղթանքները»,-նշված է վարչապետի ուղերձում։
Ըստ վարչապետ Փաշինյանի՝ այսօր արդեն իսկ կարող ենք փաստել, որ այս նախաձեռնությունն իր անուրանալի լուման է ներդնում աշխարհում մարդասիրական արժեքների սփռման և այդ ճանապարհով խաղաղության ամրապնդման գործում:
«Ավրորան իր գործունեության միջոցով նպաստում է նաև Հայաստանի և հայ ժողովրդի հեղինակության բարձրացմանն ու ճանաչելիության ընդլայնմանն աշխարհում: Այն անկասկած դարձել է մեր ժողովրդի յուրատեսակ այցեքարտերից մեկը»,-նշել է կառավարության ղեկավարը։
Վարչապետը հատուկ ընդգծել է նախաձեռնության հիմնադիրներ Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի ու Ռուբեն Վարդանյանի մեծ ներդրումը: «Մարդասիրությունը փառաբանելու և խաղաղության ու մարդկության առաջընթացին ծառայելու անմնացորդ նվիրումը քաջալերելու միջոցով նրանք հասել են Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակն անմահացնելու իրենց գաղափարի իրականացմանը»,- նշել է նա։
Ըստ վարչապետի` ցավոք, ժամանակակից աշխարհում հակամարտություններն ու պատերազմների ողբերգություններն ամենուրեք են։ «Ավրորայի մրցանակաբաշխությունը հենց այն գործիքներից է, որը հիրավի կարևոր ներդրում է կատարում մարդկային ողբերգությունների կանխարգելման և խաղաղության հաստատման գործում: Ավրորան սատարում ու մեծարում է այն անհատներին, ովքեր, անտեսելով բոլոր դժվարություններն ու վտանգները, գործում են հանուն մարդկային կյանքի, առողջության, արժանապատվության ու իրավունքների պաշտպանության, հանուն խաղաղության»,-նշել է վարչապետը։
«Կրկին շնորհավորելով Ավրորայի 5-րդ տարեդարձը՝ իմ հիացմունքն ու երախտագիտությունն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր աշխատում են այս նախաձեռնության ծրագրերը կյանքի կոչելու համար:
Բոլորիդ մաղթում եմ հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ»,- ասված է ուղերձում: