ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն արձագանքել է «Նորք» ինֆեկցիոն կլինիկայի աշխատակիցների բաց նամակին:
Ավելի վաղ բուժհաստատության մի խումբ աշխատակիցներ սոցիալական ցանցերում բաց նամակ էին տարածել՝ ուղղված ՀՀ նախագահին և վարչապետին: Դրանում նշվել է, որ նախագահի հրամանագրով առողջապահության ոլորտի մի խումբ աշխատակիցներ պարգևատրվել են կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի աշխատանքների կազմակերպման և համակարգման գործում ներդրած ավանդի համար:
Բուժաշխատողները, շնորհավորելով գործընկերներին, նշել են, որ պակաս չի եղել նաև «Նորք» ինֆեկցիոն կլինիկայի ներդրումը նշված աշխատանքում: Նամակում մանրամասն ներկայացվել է համաճարակի դեմ պայքարի ընթացքում բուժհաստատության գործունեությունը։ Կլինիկայի աշխատակիցներն ընդգծել են, որ ամբողջ բուժանձնակազմը կորոնավիրուսի դեմ պայքարի առաջին գծում է եղել: «Կարծում ենք, որ մեր թիմի ներուժն ու ներդրումը չպետք է անտեսվեր և պետք է գնահատվեր», – մասնավորապես ասված է նամակում:
Արմեն Սարգսյանի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ ընդգծվում է, որ Հանրապետության նախագահը չի կարող պետական պարգևներով պարգևատրել կամ պատվավոր կոչումներ շնորհել իր հայեցողությամբ:
«Համաձայն «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի՝ Հանրապետության նախագահը պետական պարգևներով պարգևատրում և պատվավոր կոչումներ շնորհում է համապատասխան միջնորդության հիման վրա: Հանրապետության նախագահին միջնորդությամբ դիմելու իրավասություն ունեն ՀՀ վարչապետը, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի և Բարձրագույն դատական խորհրդի նախագահները»,-ասված Է հայտարարության մեջ:
Տեղեկացվում է նաև, որ «Նորք» կլինիկայի աշխատակիցների նամակի կապակցությամբ Նախագահի հանձնարարությամբ աշխատակազմի ղեկավարը կապ է հաստատել բուժաշխատողների ներկայացուցչի հետ և հրավիրել նրանց հանդիպելու նախագահի նստավայրում:
Ավելի վաղ նախագահի հրամանագրով առողջապահության ոլորտի մի խումբ աշխատակիցներ մեդալներով էին պարգևատրվել կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի աշխատանքների կազմակերպման և համակարգման գործում ներդրած ավանդի համար: Պարգևատրվածների թվում է 8 բուժհաստատություն ներկայացնող 12 մարդ։ Հրամանագիրը ստորագրվել է ՀՀ վարչապետի առաջարկի հիման վրա: