Մոտ 20 բժշկական հաստատություններից այս պահին կորոնավիրուսի բուժմամբ զբաղվում է միայն 5 կենտրոն, 3-ն էլ նեղ մասնագիտական գործունեություն են ծավալում՝ հղիների և նորածինների քորոնավիրուսով վարակվելու դեպքերն են սպասարկում։
Այսօր կառավարության նիստին հայտնեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Ցանկացած պահի, երբ իրավիճակը կրկին կտրուկ կսրվի, ամբողջ ռեսուրսը կարող է նորից գործի անցնել։ Այս պահին մենք ունենք 1230 սովորական մահճակալ և 174 վերակենդանացման մահճակալ, որոնց մոտ 30 տոկոսը դեռևս մնում է ազատ. ազատ մահճակալներ շատ կան »,- մանրամասնեց նախարարը։
Թորոսյանի գնահատմամբ՝ կորոնավիրուսի դեպքերի թվի աճը պայմանավորված է քաղաքացիների շարժի ակտիվացմամբ և հակահամաճարակային կանոնների չպահպանման հետ։
Առողջապահության նախարարը նշեց, որ կորոնավիրուսի դեպքերի թվի աճի պիկը հուլիսին է եղել, իսկ ամենաքիչ թվով դեպքերը սեպտեմբերի 11-ին է գրանցվել։ Իսկ վերջին օրերին արդեն հիվանդության դեպքերի աճ է նկատվել։
«Կան գործոններ, որոնք դժվար են կառավարվում։ Նույն հասարակական տրանսպորտը, որը ռիսկի տարածման գործոն է։ Դպրոցների բացումը, որը փորձել ենք հնարավորինս մեղմացնել նոր կանոններ ներդնելով։ Այս պահին տարածման թվերը դպրոցներով չեն պայմանավորում, բայց եթե կտրուկ աճ լինի, ապա կպայմանավորեն»,- մատնանշեց Թորոսյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ կորոնավիրուսի հետ կապված Հայաստանը 100 տոկոսով թափանցիկ է գործում՝ վստահեցնելով, որ այս ընթացքում հիվանդության և մահերի դեպքերի վերաբերյալ որևէ թիվ չի փոխվել։
Վարչապետը նաև նկատեց, որ Եվրապայում կորոնավիրուսի երկրորդ ալիքն է սկսվել։