Արմավիրի մարզի Ջրառատ համայնքում մեկնարկել են նաև սուբվենցիոն երկրորդ ծրագրով նախատեսված աշխատանքները. ծրագրի ասֆալտապատման բաղադրիչով ընթանում է Մեծամորի խճուղու 1436 մ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգումը: Այս մասին հայտնում են Արմավիրի մարզպետարանից։
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 128 մլն 628 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 45% է` 57 մլն 879.9 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 55%` 70 մլն 742.1 հազ. դրամ:
Իրականացվող աշխատանքների շրջանակում հատուկ տեխնիկայի միջոցով դուրս կբերվի ասֆալտի նախկին շերտը, կհարթեցվի, կխճապատվի, 4 սմ հաստությամբ միաշերտ ասֆալտբետոնով կիրականացվի ծածկույթի հիմնանորոգում` որպես հիմք օգտագործելով չափազատված խիճ, և կկառուցվեն բազալտե եզրաքարերով մայթեր:
Ծրագրի իրականացումը կնպաստի համայնքի բնակիչների սոցիալ-տնտեսական պայմանների բարելավմանը, անվտանգ երթևեկ կապահովի հետիոտների ու տրանսպորտային միջոցների համար:
Հիշեցնենք, որ Ջրառատ համայնքում այս տարի հաստատված սուբվենցիոն մյուս ծրագրով ընթացքի մեջ է մշակույթի տան տանիքի վերակառուցումը` 6 մլն 537.948 հազ. դրամ պայմանագրային արժեքով։