Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի մոտ լարված իրավիճակ է՝ բախում տեղի ունեցավ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի աջակիցների և ոստիկանների միջև։
Ոստիկանները բերման ենթարկեցին մի քանի քաղաքացիների։
Երևան քաղաքի հասարակական կարգի ապահովման տեսուչ Լևոն Ղազարյանը լրագրողների հետ զրուցյում տեղեկացրեց, որ հավաքի մասնակիցների շարքերում դիմակ չկրող անձինք են եղել և բերման են ենթարկվել։
Ծառուկյանի աջակիցները, սակայն, պնդում են, որ բերման ենթարկվածներին իրենք չեն ճանաչում։
Հավելենք նաև, որ դատարանի բակում բողոքի ակցիան են անցկացնում Գագիկ Ծառուկյանի կողմնակիցները։
Հիշեցնենք, որ այս պահին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում, նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի քննվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդությունը։ Ծառուկյանի փաստաբանները դատավորին ինքնաբացարկ են ներկայացրել։
Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 154.2 հոդվածով (ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):