Հաշվի առնելով ներկայիս ռազմական դրությունը՝ սեպտեմբերի 27-ին Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի ընտրության մրցութային հանձնաժողովի անդամների առաջարկությամբ որոշվեց ընտրության գործընթացը հետաձգել՝ օրենսդրությամբ նախատեսված ժամկետների սահմաններում։ Այս մասին հայտնում են Հանրային հեռարձակողի խորհրդից։
Հանձնաժողովի հետագա աշխատանքների մասին լրացուցիչ կտեղեկացվի առաջիկայում։
Հիշեցնենք, որ Սեպտեմբերի 25-ին կայացել էր Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման նպատակով ստեղծված մրցութային հանձնաժողովի առաջին նիստը։
Հանձնաժողովի անդամները քննարկել են 13 թեկնածուների ներկայացրած ծրագրերը, և որոշում ընդունվել թեկնածուներից չորսին հրավիրել հարցազրույցի։
Այդ թեկնածուներն են՝ Հովհաննես Թովմասյան, Հովհաննես Մովսիսյան, Արմեն Սարգսյան, Ռուդիկ Տեր–Գալստյան։ Հանձնաժողովի հաջորդ նիստի արդյունքների մասին կտեղեկացվի առաջիկայում։
Հիշեցնենք նաև` ապրիլի 17-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսի թեմայով ուղերձ հղեց ժողովրդին, իսկ ապրիլի 18-ին համացանցում հայտնվեցին ուղերձի նախապատրաստական փուլից մինչև ուղիղ եթեր մտնելու կադրերը։ Մոնտաժված տեսանյութում Փաշինյանին փորձել էին ներկայացնել ծաղրական կերպարում։ Տեսանյութը բուռն քննարկման թեմա դարձավ։ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ այն անձինք, որոնք պատասխանատու են եթերից առաջ նկարահանված կադրերը հանրայնացնելու հարցում, պետք է պատասխանատվության ենթարկվեն։
Նշենք, որ Մարգարիտա Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն էր նշանակվել 2013–ին: Ի դեպ, հարցազրույցի հրավիրված թեկնածուներից Հովհաննես Մովսիսիյանը «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենն է։ Մամուլում լուրեր են շրջանառվում, որ հենց նա էլ Հանրայինի տնօրենն է լինելու։ Արմեն Սարգսյանը հիմա Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն է։ Հարզացրույցի անցած թեկնածուներից Ռուդիկ Տեր-Գալստյանը նախկինում զբաղեցնում էր հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսերի պաշտոնը։ Ըստ մամուլի հրապարակումների՝ Հովհաննես Թովմասյանն էլ «Փի-Բի-Էմ Մեդիա Հաուս» գովազդային գործակալության տնօրենն է։