Արցախի ռազմաճակատում վիրավորված Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի վիրահատությունն ավարտվել է։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում հայտնեց Մեղրիի համայնքի ղեկավարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը։
Նրա տեղեկացմամբ՝ 4 ժամ տևած վիրահատությունից հետո Մխիթար Զաքարյանն իրեն լավ է զգում։
Մեղրիի քաղաքապետը վիրավորում է ստացել արմունկի շրջանում։
Մարիամ Ծատրյանը ընդգծեց, որ Մեղրիի քաղաքապետը վիրավորում ստացել է ոչ թե Մեղրիի դիրքերում, ինչպես լրատվամիջոցներում և սոցցանցերում են տեղեկություններ շրջանառվում, այլ Արցախի հարավային ուղղությամբ տեղի ունեցող մարտական գործողությունների ժամանակ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։