Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների շրջանակում՝ կորոնավիրուսից մահացած անձանց հարազատներին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացրած միջոցառումներով որևէ աջակցություն նախատեսված չէ։ Այս մասին պարզաբանում են ներկայացրել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, անդրադառանալով Armenia Today-ի այն հարցմանը, թե արդյոք կորոնավիրուսի հետևանքով մահացած քաղաքացիների հարազատներն աջակցություն ստանալու հնարավորություն ունե՞ն։
Նախարարությունից նաև հայտնել են, որ իրականացվում են կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման 11 (չորրորդ, վեցերորդ, յոթերորդ, ութերորդ, իններորդ, տասնմեկերորդ, տասներկուերորդ, տասներեքերորդ, տասնվեցերորդ, քսաներորդ և քսաներկուերորդ) միջոցառում, որոնց շրջանակում սոցիալական աջակցություն է տրամադրվում շահառու հանդիսացող անձանց։
««Պետական կենսաթոշակների մասին» օրենքի համաձայն՝ կենսաթոշակառուի մահվան դեպքում, ինչպես նաև հաշմանդամ ճանաչված անձի` հաշմանդամության վերափորձաքննության ժամկետը լրանալուց հետո` երեք ամսվա ընթացքում, վերափորձաքննության չներկայանալու և մահանալու կամ այդ ժամկետում վերափորձաքննության ներկայանալու, սակայն մինչև բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից այդ անձի վերաբերյալ որոշում կայացնելը մահանալու դեպքում հուղարկավորությունը կատարած անձին նշանակվում և վճարվում է թաղման նպաստ։ Կենսաթոշակառուի կամ ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստառուի մահվան դեպքում հուղարկավորությունը կատարած անձին, այդ թվում՝ եթե անձը մահացել է համավարկի հետևանքով, նշանակվում է թաղման նպաստ, որի չափը կազմում է 200 հազար դրամ»,- մեկնաբանել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։
Հիշեցնենք, որ վերջերս կորոնավիրուսի դեպքերն օր օրի ավելանում են։
Հայաստանում հոկտեմբերի 13-ին վարակի 745 նոր դեպք է գրանցվել՝ հասնելով 57566-ի: