Էջմիածնի փոխքաղաքապետ Արսեն Պետրոսյանը կամավորների ջոկատով մեկնեց առաջնագիծ:
Այս մասին ֆեյսբուքի էջում տեղեկացրել է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը։
Փոխքաղաքապետը դատարկ ձեռքով Արցախ չի մեկնել։ Էջմիածին համայնքի կողմից քույր քաղաք Հադրութին նվիրաբերվել է 2012 թվականի արտադրության «UAZ HUNTER» ամենագնաց, որը ձեռք է բերվել էջմիածնեցի գործարար Մանվել Հովհաննիսյանի միջոցներով:
Հայրենիքի պաշտպանությանը կամավորագրված Դիանա Գասպարյանը նշել է, որ Էջմիածնի կամավոր ջոկատի հավաքագրումը շարունակվում է: Նա ևս մեկ անգամ բոլորին կոչ է արել գնալ համայնքապետարան և կամավորագրվել, մի քանի օր անցնել զինվորական պատրաստականության դասընթացներ և սպասել հետագա հրահանգներին:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ իր ելույթում կոչ արեց համայնքներին, ՀԿ-ներին կամավորական ջոկատներ կազմել ու մեկնել առաջնագիծ։ Մարզպետարաններում, համայնքներում արդեն սկսել են կամավորական ջոկատների կազմավորումը։