ՀՀ պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ պաշտոնապես հայտարարում է, որ հայկական կողմը խստորեն պահպանում է ժամը 08:00-ից սահմանված հումանիտար հրադադարի ռեժիմը: Այս մասին ֆեյսբուքում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
Ադրբեջանական կողմի հայտարարությունները, թե, իբր, հայկական կողմը խախտել է հումանիտար հրադադարի ռեժիմը, չեն համապատասխանում իրականությանը և ունեն ակնհայտ սադրիչ բնույթ:
Այս առումով, ՀՀ պաշտպանության նախարությունը կարևորում է հրադադարի ռեժիմի պահպանման հստակ պարամետրերի շուտափույթ ներդրումը և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդրությամբ ռազմագերիների և պահվող այլ անձանց, ինչպես նաև զոհվածների մարմինների փոխանակման գործընթացի մեկնարկը:
Հիշեցնենք, որ Մոսկվայում հոկտեմբերի 9-ին սկսված և ավելի քան 10 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հայտարարել էին 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից հումանիտար հրադադարի հաստատման մասին:
Առաջին հրադադարի հաստատման ձախողված փորձից հետո Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել էին հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից կրկին նույն պայմաններով հաստատել մարդասիրական զինադադար, որը նույնպես խախտվեց ադրբեջանական կողմից:
Երեկ ԱՄՆ ջանքերով հայտարարվեց երրորդ հումանիտար հրդադարի հաստատման մասին։