Թուրքիայում բնակվող և աշխատող մեր հազարավոր հայրենակիցների համար մտահոգիչ իրավիճակ է ստեղծվել՝ պայմանավորված այդ երկրի ներգրավածությամբ ղարաբաղա-ադրբեջանական պատերազմին:
Համացանցում լուրեր են շրջանառվում, որ Թուրքիայում բնակվող բազմաթիվ հայեր են վերադարձել։
Պարզաբանումներ ստանալու նպատակով Armenia Today-ը դիմեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ։
Գրասենյակից հայտնեցին, որ դեռևս 2020 թվականի փետրվարին Թուրքիայում փոխվել է միգրացիոն քաղաքականությունը, ըստ որի՝ երեք ամիսը մեկ այստեղ աշխատող և բնակվող օտարերկրացիները պարտավոր են նոր թույլտվություն ստանալ, դրա համար սպասել ևս երեք ամիս, այլապես ենթակա են մեծ տուգանքի:
«Այս շրջանից սկսած՝ նկատելի է հայության վերադարձի ակտիվ միտում, քանզի նրանց վաստակած գումարն այս պայմաններում չի բավարարում կեցության ապահովմանը: Իհարկե, ներկայումս հակահայ շրջանակներն ակտիվացած են, սակայն խուճապային վերադարձ դեռևս չի նկատվում, և հայությունն իրապես զգուշանում է տարատեսակ սադրանքներից: Մեկ շաբաթ առաջ նախագահ Էրդողանի այցը Կ. Պոլսի պատրիարքարան, հայկական հաստատությունների նկատմամբ խստացված հսկողությունը դրա վկայությունն են»,- մեկնաբանեցին գրասենյակից։
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից չեն բացառում, որ շարունակվող պատերազմի պայմաններում կարող են լինել անցանկալի զարգացումներ՝ հակահայ գործողություններ, կոչեր և սադրանքներ:
Միևնույն ժամանակ նաև հայտնեցին, որ Թուրքիայում բնակվող ՀՀ քաղաքացիների վերադարձը Հայաստան անընդմեջ գործընթաց է:
Հիշեցնենք, որ Թուրքիայում լույս տեսնող «Ակոս» հայկական շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Եդվարդ Տանձիկյանը Twitter-ում գրառում է արել՝ անդրադառնալով հայերին ուղղված ատելության խոսքով այդ երկրում բնակվող մեր հայրենակիցներին թիրախավորելու թեմային։
Նա տեղեկացրել է, որ հոկտեմբերի 28-ին Թուրքիայում բնակվող ՀՀ 142 քաղաքացի է վերադարձել Հայաստան։