Այսօր որոշում է կայացվել փոփոխություն կատարել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում և նախարար նշանակել Վահրամ Դումանյանին: Այս մասին Facebook-յան իր էջում գրել է ԿԳՄՍ արդեն նախկին նախարար Արայիկ Հարությունյանը։
«Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԿԳՄՍ մեծ թիմի անդամներին, որոնց ջանքերի շնորհիվ լուրջ բարեփոխումներ են մեկնարկել շատ ոլորտներում, մյուսների համար դրվել են լուրջ հիմքեր, իսկ արդյունքները տեսանելի կլինեն առաջիկա տարիներին: Շնորհակալություն եմ հայտնում նրանց խիզախության, դժվար բարեփոխումների հարցում համբերատար առաջ գնալու համար: Կրթության ոլորտում տասնամյակներով ձևավորված կարծրատիպերը և մոլորությունները միայն խոչընդոտում են զարգացմանը և պետք է փոխարինվեն կոնկրետ լուծումներով, որքան էլ որ դրանք առաջին հայացքից բարդ թվան»,-նշել է նա։
Հարությունյանը մի շարք արձանագրումներ է կատարել ըստ որի`
- Ուսուցիչները երբեք այնքան ազատ չեն եղել, որքան հիմա,
- Ստեղծագործողները երբեք այնքան ազատ չեն եղել, որքան հիմա,
- Մարզիկները ձերբազատվել են տարբեր խմբերից ունեցած ավանդական կախվածությունից,
- Գիտությունը նախորդ տարիների համեմատ ավելի մեծ ուշադրության չի արժանացել, որքան հիմա:
Ըստ նրա՝ այս ամենը կարևորագույն նախապայմաններ են զարգացման համար: