Ռուսական կողմի նախաձեռնությամբ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ: Տեղեկությունը հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։
Պետդումայի նախագահը շնորհավորել է Արարատ Միրզոյանին տարեդարձի կապակցությամբ, ինչպես նաև դատապարտել նրա նկատմամբ տեղի ունեցած հարձակումը:
Զրուցակիցները կարևորել են նախագահ Պուտինի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ եռակողմ հայտարարության ընդունումը՝ ընդգծելով, որ այսպիսով հնարավոր եղավ փրկել տասնյակ հազարավոր կյանքեր:
Նշենք, որ այսօր ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի 41–ամյակն է։ Նա ծնվել է 1979թ.–ի նոյեմբերի 23–ին, Երևանում։ Նոյեբերի 9-ին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո զայրացած ամբոխը շարժվեց մի շարք պետական հաստատություններ, այդ թվում՝ ԱԺ, որտեղ տեղի ունեցած բախման արդյունքում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծանր վիրավորում ստացավ։