ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամները դեմ քվեարկեցին «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջարկած սեպտեմբերի 27-ից երկրում հայտարարված ռազմական դրության չեղարկման վերաբերյալ նախագծին։
ԼՀԿ-ական պատգամավոր Գևորգ Գորգիսյանն առաջարկեց կողմ քվեարկել, որպեսզի նախագիծը քննարկեն ԱԺ նիստի ժամանակ։ Մինչդեռ Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն իր հերթին առաջարկեց մեկ շաբաթով հետաձգել նախագիծը։
«Ռազմական գործերի վերաբերյալ որոշումները չպետք է արագ կատարվեն՝ «ափալ-թափալ» գործելու վերջը «շառ» է՝ հատկապես ռազմական գործում։ Այս «ափալ-թափալները» դեռ չենք մարսել: Ես առաջարկում եմ՝ կառավարության ու պաշտպանական գերատեսչությանը հարցին ճիշտ իրավական լուծումներ տալ։ Ուժային կառույցներին խեղդել չի կարելի»,- ասաց նա:
Նշենք, որ այսօր Պաշտպանության հանձնաժողովի նիստը չորս անգամ հետաձգվելուց հետո, ի վերջո, օրվա վերջում տեղի ունեցավ։ Հիշեցնենք նաև, որ վաղը ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն արտահերթ նիստ են հրավիրել, որի օրակարգում ռազմական դրությունը չեղարկելու հարցն է։
Այսօր՝ ժամը 11։00-ին, նախատեսվում էր ԱԺ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ գումարել, որի ընթացքում քննարկվելու էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից նախաձեռնած «Ռազմական դրությունը վերացնելու մասին» ԱԺ որոշման նախագիծը։