Նոյեմբերի 1-ի դրությամբ զբաղվածության տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը կազմել է 88,4 հազար մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 4.1 %-ով, իսկ տարեսկզբի համեմատ՝ 3,8 %-ով։ Այս մասին Armenia Today-ը տեղեկացավ Զբաղվածության պետական գործակալությունից։
Գյուղաբնակները կազմում են աշխատանք փնտրողների 38.0 %-ը կամ 33.2 հազ. մարդ՝ նախորդ տարվա 30,9 հազ. մարդու փոխարեն:
Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 68.7 %-ը, կամ 60.7 հազար մարդ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 2.5 %-ով: Գործազուրկ կանանց թվաքանակը կազմում է գործազուրկների թվի 64,7 %-ը կամ 39,2 հազ. մարդ, երիտասարդների թվաքանակը՝ 19.6 %-ը կամ 11.9 հազ. մարդ, իսկ հաշմանդամություն ունեցող գործազուրկ անձանց թվաքանակը՝ 4.0 % կամ 2.4 հազ. մարդ:
Ըստ կրթական կազմի բաշխվածության՝ բարձրագույն և հետբուհական կրթություն ունեցողների թիվը կազմում է գործազուրկների թվի 13.1%-ը, միջին մասնագիտական կրթություն ունեցողների թիվը` 17.7%-ը, նախնական մասնագիտական կրթություն ունեցողների թիվը` 5.6 %-ը, ընդհանուր միջնակարգ կրթություն ունեցողներինը` 54.2 %-ը, հատուկ ընդհանուր, հիմնական ընդհանուր և տարրական կրթություն ունեցողներինը` 9.4 %-ը:
ԱՎԿ-ի տվյալներով՝ գործազուրկների թվաքանակում 16-29 տարեկանները կազմում են 19.6 %, 30-44 տարեկանները` 41.0 %, 45-54 տարեկանները` 20.5 %, 55-ից բարձր տարիքի անձինք` 18.9 %:
Գործազուրկների 94.7 %-ը աշխատաշուկայում անմրցունակ անձինք են:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ի դրությամբ զբաղվածության տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը կազմել է 88,5 հազար մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 5.9 %-ով, իսկ տարեսկզբի համեմատ՝ 4.0 %-ով։