Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում հրետակոծության հետևանքով Հայաստանի Հանրապետության համայնքներում քաղաքացիների անշարժ գույքին հասցված վնասների փոխհատուցման նպատակով տրամադրվող աջակցության միջոցառումը հաստատելու մասին որոշումը։ Խոսքը գնում է, հատկապես, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանամերձ շրջանների 75 միավոր անշարժ գույքի մասին։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, լայնածավալ ռազմական հարձակում էր սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով, որն ավարտվեց նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության արդյունքում։ Հայկական կողմն այս պատերազմում ոչ միայն ունեցավ մարդկային կորուստներ՝ հազարավոր զոհեր ու վիրավորներ, անհետ կորածներ ու գերիներ, այլ նաև ահռելի նյութական վնասներ։ Ադրբեջանական կողմի հրթիռակոծություններից փլատակների վերածվեց Արցախը։ Պատերազմի ընթացքում ռմբակոծությունների հետևանքով վնասվեց նաև Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերի սահմանամերձ շրջանների բնակիչների անշարժ գույքը։