ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարույունն այս պահի դրությամբ որևէ ինֆորմացիա չի ստացել տարածված այն լուրի վերաբերյալ, ըստ որի՝ երեկ՝ ժամը 20.00-ի շրջանակներում, Մառնեուլիում կրակ են արձակել բեռներ տեղափոխող հայկական բեռնատարների վրա: Տարածված տեղեկության մեջ նշվել էր նաև, որ, ելնելով անվտանգության նկատառումներից, բեռնափոխադրում իրականացնող ընկերություններին զգուշացվել է բեռներն այսուհետ տեղափոխել Բավրայով:
Անդրադառնալով վերոնշյալ լուրերին՝ Armenia Today-ի հետ զրույցում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի մամուլի քարտուղար Արմինե Մուրադյանը նշեց.
«Այդ ինֆորմացիայի հետ կապված որևէ բեռնափոխադրող ընկերության կողմից որևէ ահազանգ չենք ստացել: Բայց անգամ այդ պարագայում մենք կապ ենք հաստատել բեռնափոխադրող ընկերություններից մի քանիսի հետ: Կապ ենք հաստատել նաև «Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցացիա» հասարակական կազմակերպություն հետ: Որևէ ահազանգ չկա, նման որևէ ինֆորմացիա չկա»:
Մեզ հետ զրույցում Ա. Մուրադյանը նշեց, որ կապ է հաստատել նաև Վրաստանում ՀՀ դեսպանատան գործընկերների հետ:
«Նրանք նույնպես նման ինֆորմացիայի չեն տիրապետում: Նրանք վրացական կողմի համապատասխան օղակից ևս նման ինֆորմացիա չեն ստացել: Այնպես որ, այս պահի դրությամբ լուրը հերքում եմ»,-հավելեց Ա. Մուրադյանը: