ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը սփյուռքի կրթօջախներին դասագրքերի և այլ ուսումնական գրականության տրամադրման բյուջետային ծրագրի շրջանակում 2020 թ.-ին տրամադրել է 26․460 կտոր գիրք։
Այս մասին Armenia Today-ին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը:
Նշվում է, որ գրքերը տրամադրվել են սփյուռքի 11 երկրների 30 դպրոցների: «Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համաձայնությամբ 13․290 կտոր դասագիրք և մեթոդական գրականություն առաքվել է Վրաստանի՝ հայերենով ուսուցմամբ հանրային դպրոցներ:
Ռուսաստան է առաքվել 8055 կտոր գիրք, Գերմանիա՝ 430, ԱՄՆ՝ 955, Իսպանիա՝ 600, Ֆրանսիա՝ 215, Իսրայել՝ 624, Ավստրիա՝ 180, Իռլանդիա՝ 80, Լեհաստան՝ 213, Ուկրաինա՝ 690: Ամբողջությամբ բավարարվել է 1-7-րդ դասարանների մայրենիի, հայոց լեզվի և հայ գրականության դասագրքերի պահանջարկը»,-հայտնում են նախարարությունից։
Նշվում է նաև, որ աջակցությունը լինելու է շարունակական. «2021 թ. կապահովվեն 1-ին և 8-9-րդ, 2022 թ.-ին՝ 1-ին և 10-11-րդ դասարանների համար նախատեսված դասագրքերն ու մեթոդական ձեռնարկները»,-ասվում է հաղորդագրության մեջ: