«Գելափ ինթերնեյշնլ»-ի (GALLUP international association) հայաստանյան ներկայացուցչությունն ամփոփել է «Երևանցիները երևանցիների մասին» ծրագրի հերթական հետազոտության արդյունքները։ Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ դրանք ներկայացրեց ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը։
«Հետազոտության ընթացքում խնդրել ենք նշել Երևանի քաղաքի փոփոխությունները՝ վերջին մեկ տարվա ընթացքում։ 2020թ․ ցուցանիշներով փոփոխությունները լիովին դրական է գնահատել հարցվածների 13,5 տոկոսը, ընդհանրապես բացասական է գնահատել 18,1 տոկոսը, ավելի շուտ դրական է գնահատել 48 տոկոսը, ավելի շուտ բացասական՝ 16,1 տոկոսը»,-ասաց Նավասարդյանը։
Վերջինս հավելեց, որ հարց է եղել նաև Երևանի ամենակարևոր խնդիրների մասին։
«Հարցվածների 35,4 տոկոսը նշել է հասարակական տրանսպորտի խնդիրները, 24 տոկոսը աղբահանությունը, 10,6 տոկոսը գործազրկության խնդիրը։ Հարցերի մեջ խնդրել ենք նշել նաև, թե որոնք են վերջին մեկ տարվա ընթացքում Երևանի քաղաքապետ Հայկ Մարության կողմից իրականացված դրական փոփոխությունները։ Հարցվածների 31,9 տոկոսը նշել է աղբահանության համակարգի փոփոխությունների մասին, վերելակների փոփոխության մասին նշել է 10,4 տոկոսը, այգիների բարեկարգումը՝ 9,6 տոկոսը, տրանսպորտը՝ 6,5»։
Երևանում կատարված հետազոտության ժամանակ անդրադարձ է եղել նաև ոստիկանության աշխատանքին․ «Ոստիկանության աշխատանքները լիովին դրական է գնահատել հարցվածների 16, 6 տոկոսը, ավելի շուտ դրական՝ 15,8 տոկոսը, ավելի շուտ բացասական՝ 19,5, ընդհանարպես բացասական՝ 21,9 տոկոսը»։
Հետազոտության մեջ հարց է հնչել նաև հունվարի 11-ին ստորագրված եռակողմ փաստաթղթի մասին, որը վերաբերում է տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակմանը։
«Հարցրել ենք՝ ինչպե՞ս եք վերաբերում այդ փաստաթղթին։ Լիովին դրական է նշել հարցվածների 14, 6 տոկոսը, ավելի շուտ դրական է նշել 21, 9 տոկոսը, ավելի շուտ բացասական՝ 13 տոկոսը, ընդհանրապես բացասական՝ 24,6 տոկոսը։ Հարցրել ենք նաև, ինչպե՞ս եք գնահատում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից գերիներին վերադարձնելու գործընթացը։ Լիովին դրական է նշել 18,9 տոկոսը, ավելի շուտ դրական՝ 19,9 տոկոսը, ավելի շուտ բացասական՝ 14, 3 տոկոսը, ընդհանրապես բացասական՝ 34,8 տոկոսը։ Այսինքն, մոտ 50 տոկոսը բացասական է գնահատել աշխատանքը»,-նշեց Ա․ Նավասարդյանը։