Այսօր հայազգի մտավորական, Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի մահվան 14-րդ տարելիցն է: Թուրքիայի խիզախն հայն ու արդարության լրագրողը զոհ գնաց թուրքական բռնատիրությանը: Այս մասին գրում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը։
Հրանտ Դինքի լուսանկարին կից Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը նրա խոսքերից է մեջբերել․
«Եթե իմ ընտանիքը ստիպված ճամփա բռներ, ճանապարհ էինք ընկնելու այնպես, ինչպես 1915 թ.-ին մեր պապերը… Առանց իմանալու դեպի ուր… Քայլելով այն ճանապարհներով, ինչ ոտաբոբիկ իրենք են անցել… Տանջվելով և ապրելով նրանց վիշտը… Գնալու էինք այնտեղ, որտեղ կտանեին մեր ոտքերը, այլ ոչ թե սիրտը կկամենար… Ուր էլ որ լիներ»:
Հիշեցնենք, որ Դինքը սպանվեց 2007 թվականի հունվարի 19-ին, Շիշլիում գտնվող «Ակոսի» խմբագրատան առաջ, ետևից գլխին արձակված երեք հրազենային կրակոցներից։ Մարդասպանը հեռանալիս գոչել էր՝ «գյավու՛ր», ինչ հիմք է տալիս կարծել, որ սպանությունը կատարվել է ազգային հողի վրա։