ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ չի բացառում, որ բալային համակարգն իդեալական չէ և որոշակի վերանայումներ կլինեն ճանապարհային երթևեկության բալային համակարգում՝ խախտումների վիճակագրություններն ուսումնասիրելուց հետո:
Այս մասին Տիգրան Ավինյանն ասաց ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արտյոմ Ծառուկյանի հարցին:
«Ճանապարհային կանոների խախտման ահագնացող վիճակագրությունը մեզ ստիպել է ներկայացնել մի համակարգ, որը մեր տեսանկյունից որոշ դեպքերում շատ խիստ, բայց նաև կանխարգելիչ դեր ունի։
Բալային համակարգում որոշ վերանայումներ հնարավոր են, բայց դրանք պետք է լինեն շատ հիմնավոր: Չեմ բացառում, որ համակարգն իդեալական չէ, բայց այն միանշանակ դրական է ազդելու ճանապարհային երթևեկության կանոնների պահպանման առումով»,- ասաց Ավինյանը:
Տիգրան Ավինյանի խոսքով՝ ոլորտում դեռևս շատ անելիքներ կան, բայց ինքը միանշանակ համաձայն է, որ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնողների առնչությամբ կարգավորումները մի փոքր այլ պետք է լինեն։