Չինաստանի տարածքում կարանտինի գոտում գտնվող 11 ՀՀ քաղաքացիներից մեկն արդեն իսկ տարհանվել է երկրից: Առաջիկա մեկ-երկու օրերի ընթացքում կտարհանվի ևս մեկ ՀՀ քաղաքացի։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ Հյուսիսարևելյան Ասիայի երկրների բաժնի վարիչ Մնացական Սաֆարյանը՝ պատասխանելով «Ազատություն» ռ/կ հարցերին։
Սաֆարյանը նշել է, որ Չինաստանում ՀՀ դեսպանատան տարածած փետրվարի 3-ի տեղեկատվությանն արձագանքել են շուրջ 600 ՀՀ քաղաքացի, որոնց տվյալները գրանցվել են ՀՀ դեսպանության կողմից:
«Մեր քաղաքացիների կողմից բարձրացվել են տարաբնույթ հարցեր, որոնց դեսպանությունը պատասխանում է հնարավորինս սեղմ ժամկետներում՝ հասանելիության տարբեր միջոցներով: Բարձրացվող հարցերի թվում է նաև ՀՀ տեղափոխման հնարավորությունը»,- նշել է Մնացական Սաֆարյանը։
Չինաստանում Հայաստանի դեսպանությունը նաև ՀՀ քաղաքացիների տրամադրում է ՉԺՀ իշխանություն կողմից պաշտոնապես շրջանառվող ծանուցումները, որոնք վերաբերում են ՉԺՀ-ում բնակվող օտարերկրացիներին:
Մնացական Սաֆարյանը նշել է, որ տարհանումն իրականացվում է կամավոր սկզբունքով և ներկա փուլում կարանտինի շրջանից դուրս գտնվող անձանց տարհանում չի իրականացվում:
Նշենք, որ ՉԺՀ-ում ՀՀ դեսպանություն և ՀՀ ԱԳՆ-ն ներկայումս ամբողջացնում են այն հարցերի շրջանակը, որը վերաբերվում է ՀՀ այն քաղաքացիներին, որոնք ցանկություն ունեն տեղափոխվելու Հայաստան, սակայն, առերեսվում են վերջին օրերին ի հայտ եկող տրանսպորտային և այլ խնդիրների հետ կապված դժվարությունների: Այս խնդիրների շուտափույթ լուծումները ներկայումս քննարկվում է ՀՀ տարբեր գերատեսչությունների հետ համակարգմամբ:
ՀՀ ԱԳՆ տվյալների համաձայն՝ ՉԺՀ տարածքից վերջին տասը օրերին ընթացքում Հայաստան են վերադարձել շուրջ 200 ՀՀ քաղաքացիներ:
Հարցին՝ թե, Չինաստանում բնակվող հայերի շրջանում վարակվածներ կան, թե ոչ։ Սաֆարյանը նշել է, որ այս պահի դրությամբ ՀՀ քաղաքացիների շրջանում վարակվածների մասին ՉԺՀ-ում ՀՀ դեսպանությունը տեղեկատվություն չի ստացել: