ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Իտալիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում, տիկին Աննա Հակոբյանի հետ այցելել է Միլանի կաթոլիկ տաճար։ Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը շրջել են տաճարով, ծանոթացել պատմամշակութային մեծ արժեք ներկայացնող տաճարի ճարտարապետությանն ու պատմությանը։
Միլանի տաճարը՝ Duomo di Milano-ն, գոթական ոճի կաթոլիկ տաճար է, գտնվում է Իտալիայի Լոմբարդիա շրջանի վարչական կենտրոնում։ Այն Միլանի արքեպիսկոպոսի նստավայրն է։ Ունի 106.5 մետր բարձրություն և կարող է տեղավորել միաժամանակ 40 հազար մարդու։ Միլանի գոթական տաճարը մեծությամբ 4-րդն է աշխարհում, 3-րդը՝ Եվրոպայում։ Տաճարն ունի բազմաթիվ մարմարյա սրածայր աշտարակներ, որոնք իրար են կցված հենարանների ցանցով։