Կոտայքի մարզում , նոյեմբերի16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Նոր Հաճնում, ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունը տանը հայտնաբերել է տատիկի ու 4 թոռնիկների դիերը։ Ըստ նախնական տեղեկությունների` նրանք մահացել են խոհանոցում տեղադրված գազի կաթսայից առաջացած շմոլ գազից:
Դեպքին ցավով անդրադարել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ համապատասխան գրառումկատարելով իր ֆեյսբուքյան էջում։
Նախարարը նշել է, որ արդեն սկսել են շահարկել Կոտայքի մարզում հայտնի դարձած ողբերգական պատահարը` երեխաների մահվան մեջ մեղադրելով իրեն, քանի որ նրանցից երկուսը՝ 15 և 14 տարեկան քույր ու եղբայրը գիշերօթիկի սան են եղել: Նրանք (ինչպես մինչ այս բոլոր շաբաթ-կիրակիները) ապրել են տատիկի հետ:
Բաթոյանը տեղեկացրել է, որ երեխաների ծնողները ամուսնալուծվել ու մեկնել են երկրից, տատիկը և 4 թոռնիկներն ընդգրկված են եղել սոցիալական ծրագրերում, մասնագիտական ուսուցման ծրագրեր են նախատեսվել եղբոր համար, երեխաները դեռևս սեպտեմբերից վերադարձել են ընտանիք և ապրել են իրենց օրինական խնամակալի՝ տատիկի հետ, ով սիրել և հոգ է տարել նրանց մասին:
«Մեծ ցավ եմ ապրում պատահածի համար: Եթե որևէ մեկը, այդ թվում` նախարարությունը և ես անձամբ, մեղավոր է այս դժբախտ պատահարի համար, իրավապահ մարմինները պետք է անկաշկանդ գործեն։ Իսկ երեխաների հետ կատարված նման դեպքը շահարկողների բարոյական նկարագիրը թողնում եմ ձեզ»,- ընդգծել է նախարարը, կոչ անելով հետևել անվտանգության կանոններին։