Ռուսաստանի «Ձայնը» երաժշտական հաղորդման մասնակից, երգչուհի Մարիամ Մերաբովան երեկ «Ավրորա» մարդասիրական մրցանակաբաշխության երեկոյի ընթացքում՝ իր ելույթի ժամանակ, հայտնել է, որ ինքը ՀՀ քաղաքացիություն է ստացել։
Այս մասին հայտնում է armeniasputnik.am լրատվական կայքը:
«Ես վերադարձել եմ, ես ստացել եմ ՀՀ քաղաքացիություն և կվերադարձնեմ իմ պարտքը իմ հայրենիքին», – նշել է երգչուհին:
Երգչուհին իր ելույթի ժամանակ շնորհավորել է մայրաքաղաքի տոնի առթիվ և նշել, որ երջանիկ է այս փառահեղ միջոցառմանը մասնակցելու համար:
«Մաղթում եմ միլիոն ժամ երջանկություն յուրաքանչյուր հայի, որտեղ էլ նա ապրի: Մոլորակի որ անկյունում էլ նա գտնվի, շարունակում է մնալ հայ և ձգտել այստեղ»,- ասել է նա։
Երգչուհին հավելել է նաև, որ աղոթում է Աստծուն, որ մարդիկ սթափվեն և երբեք չպատերազմեն, որովհետև մեր ամենակարևոր ցանկությունն այս կյանքում մեր երեխաներին սեր թողնելն է :
Մարիամ Մերաբովան Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում ավելի վաղ պատմել է, որ ծնվել է Երևանում։