Մոբայլ տրոյական ծրագրերը 2019-ի երկրորդ եռամսյակում գրոհել են Հայաստանի օգտատերերի 0,1% սարքերը։ Այդ ցուցանիշով երկիրն աշխարհում զբաղեցնում է 9-րդ տեղը, իսկ Հարավային Կովկասում այդ ցուցանիշով ամենաքիչն է գրոհումների ենթարկվում։
Ինչպես վկայում են «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության տվյալները, Վրաստանում այդ վիրուսային ծրագրերին բախվել է օգտատերերի 0,08%-ը, իսկ Ադրբեջանում՝ 0,07%-ը։ 2019-ի առաջին եռամսյակում Հայաստանում մոբայլ սարքերի օգտատերերի 0,23%-ն է ենթարկվել է բանկային տրոյական ծրագրերի գրոհների։ Այդ ժամանակահատվածում Վրաստանում նման գրոհների բախվել է մոբայլ սարքեր ունեցողների 0,12%-ը, իսկ Ադրբեջանում՝ 0,14%-ը։ Ինչ վերաբերում է աշխարհում գրանցված մոբայլ բանկային տրոյական հարձակումներին, 2019-ի երկրորդ եռամսյակում հայտնաբերվել է այդ ծրագրերի տեղադրման 13 899 փաթեթ, ինչը կրկնակի քիչ է 2019 թվականի առաջին եռամսյակի հետ համեմատած։
«Օգտատերերը համացանցում պետք է զերծ մնան որևէ մեկին անհատական և բանկային տվյալներ տրամադրելուց, հատկապես նրանց, ովքեր ամեն ինչ ներկայացնում են «շահավետ» առաջարկներից ելնելով։
Պետք է խուսափել ոչ պաշտոնական աղբյուրներից ծրագրեր ներբեռնելուց, քանի որ բանկային տրոյացիները հաճախ թաքցվում են այլ ծրագրերի հետ նույն փաթեթում։ Իսկ ցանկացած տրոյացուց և այլ վնասաբեր ծրագրերից պաշտպանվելու համար անհրաժեշտ է տեղադրել հուսալի հակավիրուս, որը կկանխարգելի դրանց տեղադրումը և վնասաբեր կայքեր այցելությունը»,- հաղորդում է «Կասպերսկի» ընկերությունը։
Նկատենք՝ բանկային տրոյական ծրագրերը օգտագործվում են կիբեռհանցագործների կողմից՝ վարակելու մոբայլ սարքերի օգտատերերի բանկային քարտերը և տիրանալու հավելվածների տվյալներին։ Արդեն տեղադրված վնասաբեր ծրագիրը ծածկում է բանկային հավելվածի ինտերֆեյսն իր ինտերֆեյսով, որից հետո տրոյացու ինտերֆեյսում մուտքագրված բանկային տվյալները փոխանցվում են կիբեռհանցագործներին։