Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի Անկախության տոնին Գյումրիում նախատեսված միջոցառումներից հետո իր տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ զբոսնել է հնամենի քաղաքի կենտրոնական փողոցներով, անմիջական զրույցի բռնվել քաղաքի բնակիչների և այցելուների հետ, շնորհավորել վերջիններիս տոնի առթիվ և բարմաղթանքներ հղել։
Նախագահ Սարգսյանն արդեն իսկ ավանդույթ դարձած այց է կատարել նաև «Արեգակ» ներառական փուռ-սրճարան․ Գյումրի այցելելիս նախագահը երբեք առիթը բաց չի թողնում այցելելու արդեն հարազատ դարձած այս վայր։
Այս անգամ այցելությունը կրում էր նաև մեծ խորհուրդ, այն է՝ Անկախության 28-րդ ամյակի տոնը կարելի է նշել նաև թեյի սեղանի շուրջ, վաղեմի բարեկամների՝ սրճարանի երիտասարդ աշխատակիցներ Միքայելի, Գրիշայի և մյուսների հետ՝ հետաքրքրվելով նրանց աշխատանքով, առօրյայով և ջերմ մաղթանքներ հղելով տոնի կապակցությամբ։