Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը բժշկական դիմակի լուսանկար էր հրապարակել՝ նշելով, որ այն արտադրված է Հայաստանում։ Հրապարակման մեկնաբանությունում մի հնդիկ օգտատեր նշել էր, որ «SALUS» ապրանքանիշն արտադրվում է ոչ թե Հայաստանում, այլ՝ Հնդկաստանում։
Ինչպես հայտնում է Տեղեկատվության ստուգման կենտրոնը՝ վերջինս, խոսքերի հավաստիությունն ապացուցելու համար, տեղադրել էր բժշկական առարկաներ արտադրող հնդական ընկերության կայքի հղում։
Կենտրոնը հայտնում է, որ վարչապետի ներկայացրած դիմակը հայկական արտադրության է։ «Սալյուս» ՍՊ ընկերությունը զբաղվում է բժշկական դիմակների արտադրությամբ արդեն 5 տարի՝ 2015 թվականից։ Կենտրոնի հետ զրույցում՝ ՍՊ-ի սեփականատերը ներկայացրել է նաև ընկերության սեփականության վկայականը՝ համաձայնություն տալով հրապարակել այն։