ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ՝ 101 կողմ և 12 ձեռնպահ ձայներով, ընդունեց «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է գովազդ հեռարձակելու հնարավորություն տալ Հանրային հեռուստաընկերությանը:
2015թ. հունվարի 1-ից Հանրային հեռուստաընկերությունը զրկվել է առևտրային գովազդ հեռարձակելու իրավունքից:
Սույն նախագծով սահմանվում է գովազդի իրավունքի վերականգնում, որը չի կարող տեղի ունենալ մեկ եթերաժամի հաշվարկով ավելի, քան 5 րոպեն։
Օրենքի նախագծով նաև կարգավորվում են սոցիալական գովազդի հետ կապված հարաբերությունները՝ ժամը 00:00-ից մինչև 18:00-ն ընկած ժամանակահատվածում սոցիալական գովազդը հեռարձակվում է անհատույց հիմունքներով:
Ժամը 18:00-ից մինչև 00:00-ն ընկած ժամանակահատվածում սոցիալական գովազդը հեռարձակվում է վճարովի հիմունքներով՝ «Գովազդի մասին» օրենքով սահմանված կարգով:
Անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանի այն մտահոգությանը, թե դրանով անհավասար պայմաններ են ստեղծվում երկրում գործող մասնավոր հեռուստաալիքների և Հանրային հեռուստաընկերության միջև, քանի որ վերջինս ստանում է նաև պետական ֆինանսավորում, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը նկատել է, որ այս օրինագծով հավասար պայմանները հենց վերականգնվում են։ Հղում անելով ԶԼՄ-ների հրապարակումների՝ Սիմոնյանը նշել է, որ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսան՝ Միքայել Մինասյանը, դարձել է յուրօրինակ «մեդիաարքա»։ Իրեն պատկանող ընկերություններից մեկը գնահատում է գովազդի արժեքը, մյուսը՝ վաճառում գովազդային ժամանակը։
«Մենք ազատականացնում ենք շուկան, ճանապարհին ենք, որը կոչվում է ստեղծել այընտրանք մոնոպոլիզացված դաշտում, ազատել հեռուստադաշտը Միքայել Մինասյանի իմպերիայից։ Եթե ձեր խմբակցությունը սատարի այդ նախաձեռնությանը, դա հրաշալի կլինի», – հայտարարել է նա: