ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը՝ 66 կողմ, 16 դեմ և 2 ձեռնպահ ձայներով:
Նախագիծը ենթադրում է՝ կորոնավիրուսային հիվանդության հետևանքով անձի մահվան դեպքում չիրականացնել հերձում:
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանի խոսքով՝՝ օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ ՀՀ-ում գործող ախտաբանաանատոմիական ծառայություններ մատուցող կազմակերպությունները չունեն կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահացած անձանց հերձում իրականացնելու համար անհրաժեշտ պայմաններ։
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հիվանդության վարակելիության աստիճանը դեռևս ամբողջությամբ բացահայտված չէ, ինչը կարող է հերձման արդյունքում առաջացնել վարակի տարածման անդառնալի հետևանքներ, ինչպես նաև բացահայտված չէ դիակի մեջ կորոնավիրուսային հիվանդության ապրելիության ժամանակահատվածը, անհրաժեշտ է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով անձի մահվան դեպքում չիրականացնել հերձում»,- ասել է նա։