Քիչ առաջ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է կորոնավիրուսով վարակված անձանց կոնտակտավորներին հնարավորինս շուտ գտնելու նպատակով ֆիքսել նրանց հեռախոսազանգերը:
Հիմնական զեկուցող արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն իր ելույթում հատուկ շեշտեց այն փաստը, որ այս ծրագրի իրականացման համար որևէ գումար չի հատկացվելու։ Նա նշեց, որ բջջային օպերատորներն արդեն իսկ ունեն այս ամբողջ բազան և պատրաստ են տրամադրել կառավարությանն առանց գումարի։
Քվեարկությունից առաջ ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն ասաց, որ այն լուծումները, որ հիմա տրվում են, միտված են կանխարգելման աշխատանքները եւ մեկուսացման աշխատանքները ավելի էֆեկտիվ դարձնելու։ «Անձանց վերաբերյալ տեղորոշման ինֆորմացիան, որը պահպանվում է հեռախոսային օպերատորների մոտ, և որոնք էլ ունեն ամբողջական տվյալներն անձնավորված և շատ երկար ժամանակի համար, ինչպես նաև ունեն հեռախոսազանգերի ամբողջական զանգը տվյալ բաժանորդի հետ կապված, մեզ տալու են մեկ, բայց շատ կարևոր հնարավորություն․ տեղորոշել այն անձանց, որոնք շփվել են վարակակրի հետ»,- ասաց Ավինյանը։ Նա նաև շեշտեց, որ այս համակարգը ավտոմատացված է, այստեղ չկա որեւէ մարդկային միջամտություն, կա ծրագիր, որը գտնում է հավանական շփման շրջանակը։ Այդ շրջանակը պարզելուց հետո էլ աշխատակիցները զանգում են քաղաքացիներին եւ տեղեկացնում դրա մասին։
«Եթե դուք ստանաք զանգ ԱԻՆ-ի աշխատակցից, պարետատան անունից, և լսեք այս նախադասությունը, որ ամենայն հավանականությամբ դու այսինչ օրը այսինչ վայրում միգուցե շփվել եք այսինչ անձի հետ, տեղեկացված եղեք, որ այդ անձը վարակակիր է, եւ դուք նույնպես կարող եք ռիսկային գոտում լինել։ Դրանից հետո պետք է խնդրեմ, որ դուք գնաք այն վայր, որտեղ պետք է ինքնամեկուսանաք»,- ասաց Ավինյանը։
Նախագիծը խորհրդարանում ընդունվեց միաձայն՝ 71 կողմ ձայներով։ Նշենք, որ «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները չմասնակցեցին ԱԺ արտահերթ նիստին։