Թուրքիայում մնացած հայաստանցիները այսօր կտեղափոխվեն Հայաստան։ Հայաստանի կառավարության տրամադրած չորս ավտոբուսները սպասում էին Աքսարայի միջազգային ավտոկայանում։ Նախապես գրանցված 102 հոգուց Հայաստան է ուղևորվել 66-ը, նախատեսվում է, որ ևս 10-ը կմիանան վրացական սահմանից։
Հայ-թուրքական սահմանի փակ լինելու պատճառով քաղաքացիների տեղափոխման համար թույլտվություն է անհրաժեշտ եղել և՛ թուրքական, և՛ վրացական կառավարություններից։ ՀՀ քաղաքացիներին տեղափոխող ավտոբուսները Վրաստանի տարածքում կլինեն ոստիկանական ուղեկցությամբ։
Նշվում է, որ ավտոբուսները բարձվում են 50 տոկոսով, այդ պատճառով երկուսի փոխարեն վարձվել է չորսը։ Առևտրի գործակալ Գագիկ Մուշեղյանը «Լուրերի» հետ զրույցում նշել է, որ կիրառվել են բոլոր միջոցները կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխարգելելու համար։
«Երկու նստատեղ է լինելու ուղևորների միջև՝ բացառությամբ երեխաների, որոնք պարտադիր պետք է նստեն ծնողների հետ»,- նշել է նա։
Ըստ նրա՝ քաղաքացիներիմի մասը չունի կեցության իրավունք, մյուս մասը եկել է առևտրի և պատահական է հայտնվել ստեղծված իրավիճակում։