Armenia Today-ը շարունակում է Հայաստանում տարբեր բիզնես նախագծերի կայացման իրական պատմություններին նվիրված հաղորդաշարը: Այս անգամ փորձել ենք բացահայտել հայկական բնաշխարհի գեղեցկություններից մեկը՝ Լոռու մարզում գտնվող միջնադարյան քարայր- ամրոցային համալիրը՝ Զարնի-Պարնին։ 2016-2019 թթ․ համալիրի վերականգնումից հետո այս մոռացված վայրը դարձել է զբոսաշրջային նախընտրելի ուղղություն։
Նախկինում անմատչելի միջնադարյան այս ամրոցը պատմաբաններին և հուշարձանագետներին վաղուց է հայտնի, սակայն Զարնի-Պարնին այսօր նորովի է ներկայանում այցելուներին․ այստեղ եկողները հնարավորություն ունել վայելել ամրոցից բացվող հրաշք տեսարանը, բուժիչ ջրից օգտվել, գինի խմել, շախմատ խաղալ։
Քարայր-ամրոցային համալիրի տնօրեն Արմինե Թադևոսյանը նշում է, որ անցած ամբողջ ամառվա ընթացքում դիմավորել են թե՛ զբոսաշրջիկներին, թե՛ տեղացիներին։ Ռեստորանի սրահը շատ հետաքրքիր է՝ լի բազմատեսակ ուտեստներով, որտեղ մարդիկ լավ ժամանակ են անցկացնում։
«2019-ին զբոսաշրջիկները շատ այցելեցին մեզ։ Ունենք գինիների լայն ընտրանի, որ մատուցում ենք մեր հյուրերին, ովքեր գալիս են Հայաստան՝ հայկական գինին համտեսելու»,-նկատեց նա։
Թե՛ Զբոսաշրջիկները, թե՛ հայաստանցիները իրենց տպավորությունները գրում են ռեստորանում առկա գրքում։ Տիկին Թադևոսյանը հիշատակեց մի աղջկա գրառում, որը թերևս ամենատպավորիչն էր։
«Մի աղջիկ առաջին անգամ էր հայրենիքում, գրեց՝ «ես արդեն գիտեմ դրախտի հասցեն» և որոշեց, որ տեղափոխվի հայրենիք և այստեղ ապրի»,-նշեց նա։
Արմինե Թադևոսյանի հավաստմամբ՝ ռեստորանային հատվածի մյուս մասը շատ հետաքրքիր է՝ բացվում է Լոռվա բնաշխարհի շքեղ տեսարան, որով բոլորը հիանում են․ մի բաժակ գինի են վայելում, սուրճ են խմում։
«Այստեղ ոչ մի պատահական բան չկա, ամբողջ տարածքում ամեն դետալ մտածված է, ամեն ինչը բնության հետ համահունչ է, որպեսզի մարդիկ իրոք իրենց զգան բնության մի մասնիկ, համահունչ զգան բնության հետ»,-նկատեց նա՝ հույս հայտնելով, որ իրենց ջանքերն ապարդյուն չեն։ Տիկին Թադևոսյանը պատմեց, որ ամրոցը վերականգնելու աշխատանքների ընթացքում, հայտնաբերվել է գինու հնձան, հասկացել են, որ այստեղ զարգացած է եղել գինեգործությունը և փորձել են այդ ավանդույթը վերականգնել՝ խաղողի այգի տնկելով։
«Հույս ունենք մոտ երկու տարուց ունենալ մեր գինին»,-ասաց նա։
Քարայր-ամրոցային համալիրի տնօրենը ուշադրությունը հրավիրեց բռինչ ծառերի վրա, որոնք իրենց տեսակով շատ հետաքրքիր են։
«Ասում են՝ ծառի այս տեսակն աճում է միայն սրբավայրերում և Հայաստանում շատ քիչ են, իսկ մեզ մոտ՝ շատ։ Դրանց վրա կան փոքրիկ, կլոր պտուղներ։ Ամրոցում, երբ մարդիկ ապրել են և ոչինչ չի եղել ուտելու, հավաքել են այդ պտուղները, ալյուր են սարքել, հաց պատրաստել և կերել՝ սովից չմահանալու համար։ Պատմում են, որ հին ժամանակներից բռինչ ծառի փայտը համարվել է սուրբ փայտ, որից պատրաստել են ամուլետներ, կախել են կենդանիների վզից, նորածին երեխաների մահճակալներին, որոնք պաշտպանել են չար աչքից»,-պատմում է տիկին Թադևոսյանը։
Քարայր-ամրոցի աշխատակից Ռուզաննա Դալլաքյանը նշում է, որ մինչև 2012-13թթ․ քարայր-ամրոցային համալիրը անբարեկարգ տարածք է եղել, քարայրների ներսը՝ վերածված անասնագոմի, ամեն ինչ եղել է խիտ բուսականության տակ։ 2012 թվականից այս ամենով հետարքվել է Ռուբեն Մեսրոպյանը, ով երևանաբնակ է, աշխատանքի բերումով աշխատել է Լոռու մարզում՝ սիրել ու կապվել այդ տարածքի հետ և փորձել վերականգնել իր սեփական ուժերով։ Շուրջ յոթ տարվա քրտնաջան աշխատանքից հետո արդեն կա այս պատկերը։ Անդրադառնալով քարայր-ամրոցի պատմությանը՝ Դալլաքյանը նշել է, որ համալիրը բաղկացած է երեք՝ 1. Զարնի 2. Պարնի 3. Ծակ քարանձավներից:
«Այր- քարայր իմաստը ունի լոռվա բարբառով, չնայած ուրիշ բարբառներով էլ կա այդ իմաստը։ Սրանք որպես կառույցներ՝ 10-13-րդ դդ կառույցներ են։ Անվանումը եկել է Զարեհ թագավորի և իր մեծ գերդաստանի անունից։ Զարնի՝ որպես Զարեհի այր, քարայր, իսկ Պարնի՝ որպես պարոնների այր, քարայր։ Ասում են, որ Զարեհի իշխանական տոհմի բարձրաշխարհիկ մարդիկ՝ հարուստները և հոգևորականները, երկրորդ քարանձավում են պատսպարված եղել, և իրենց քունը երկրորդ քարանձավում են կազմակերպել, դրա համար «պարոնների այր» հենց երկրորդն էլ անվանել են»,-նշեց նա։
Ռուզաննա Դալլաքյանը պատմեց, որ հիշատակված է երրորդ քարանձավը՝ Ծակերը, որտեղ 11-12-րդ դդ մեծ փիլիսոփա Հովհաննես Իմաստասեր Սարկավագն է ճգնել։
Նրա խոսքով՝ սրանք ժամանակին եղել են բազմաֆունկցիոնալ քարայր-ամրոցային համալիրներ՝ ծառայել են որպես բնակավայր, պաշտպանական կառույց, գրադարան, գրատուն։
«Հաղպատի կարևոր մատենագրերը ու գանձերը պահպանվել են հենց այս քարայրում։ Նշում են, որ 1873 թ-ից ձեռագիր մատենագրի քայքայված կտորներ են գտել»,-նկատեց նա։
Քարայր-ամրոցային համալիրին խորհրդավորություն, առասպելականություն է հաղորդում ժայռերի միջից կաթացող ջուրը։
Ջուրն անցել է համապատասխան բժշկական, լաբորոտորիական փորձաքննությունը, պարզվել է՝ մաքուր խմելու ջուր է, նաև բուժիչ է։ Քարայր-ամրոցում պեղումների ընթացքում գտնվել են գտածոներ, որոնց շարքին է պատկանում գինու հնձանը։