Թուրքիան Հայաստանի Հանրապետություն և Հունաստանի Հանրապետություն ներխուժելու ծրագրեր է մշակել: «Թուրքական զինված ուժերի գործողությունների պլանավորման հրահանգ» անվանումով շնորհանդեսը թվագրվում է 2014թ. հունիսի 13-ով։ Nordic Monitor-ի զեկույցի համաձայն՝ ծրագիրը, ամենայն հավանականությամբ, թարմացվել և լրամշակվել է որոշ նախագծերի քննարկումից հետո, և, ամենայն հավանականությմաբ, ծրագիրը դեռևս կարող է ակտիվ լինել:
Փաստաթղթում ներառվել են նաև Հայաստան ներխուժման պլանները. Հայաստան ներխուժելու գործողությունը կոչվում է «TSK Altay Harekât Planlama Direktifi» և թվագրվում է 2000թ. օգոստոսի 15-ով։
Nordic Monitor-ի կողմից այդ փաստաթղթի գաղտնազերման, այդ հրապարակման հետևում կանգնած կառույցների ու նրանց հետապնդած նպատակների մասին Armenia Today-ը զրուցել է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի հետ։
-Պարոն, Իսպիրյան, ինչպե՞ս կմեկնաբանեք այս փաստաթուղթը։
-Այս փաստաթուղթի վերաբերյալ արտահոսք եղել է 2016 թվականի Թուրքիայում ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո, բայց այն մամուլում հայտնվել է անցյալ տարի շվեդական Nordic Monitor կայքի կողմից։
Թուրքիայում կան հարևանների վրա հարձակման նմանատիպ բազմաթիվ պլաններ, որոնք, բնականաբար, թուրք պաշտոնյաների կողմից մեկնաբանվում են որպես զորավարժությունների ծրագիր, ուսումնական պլան՝ ոչ ավելին։ Բայց ցանկացած ուսումնական նման ծրագիր իր մեջ պարունակում է պոտենցիալ վտանգ հարևանների համար, այդ թվում՝ Հայաստանի ազգային անվտանգությանը։
-Ովքե՞ր են այս հրապարակման հետևում կանգնած և ի՞նչ նպատակ են հետապնդում։
-Տվյալ կայքը սերտ կապ ունի երկար տարիներ Թուրքիայում գործունեություն ծավալած և 2016 թվականից հետո թուրքական իշխանությունների դեմ դուրս եկած գյուլենականների հետ։ Գյուլենականները առիթը բաց չեն թողնում միջազգային տարբեր հարթակներում Թուրքիայի միջազգային հեղինակությունը վարակաբեկելու համար։
Հայաստանի ու Հունաստանի դեմ հարձակման պլանի գաղտնազերծումը ևս միտված է Թուրքիայի միջազգային հեղինակության վարկաբեկմանը։ Սակայն մենք պետք է այս փաստին լրջորեն վերաբերվենք, քանի որ այն իր մեջ լուրջ վտանգներ է պարունակում ուղղված Հայաստանի ազգային անվտանգությանը։
-Համաձայն հրապարակման՝ Թուրքիան հարձակում է նախապարտաստում Հայաստանի ու Հունաստանի դեմ։ Ինչու՞ այս երկու երկրները համատեղ ներկայացվեցին ու ինչու՞ հենց այս ժամանակահատվածն ընտրվեց։
-Այս ծրագրի մեջ ներառված է նաև Հունաստանը, սակայն Թուրքիան նմանատիպ հարձակման պլաններ կազմում է իր բոլոր հարևանների դեմ, դրանք կարող են լինել նաև զորավարժությունների տեսքով։
Ենթադրաբար, Թուրքիան հարձակման պլան է կազմել նաև Սիրիայի դեմ։ Հունաստանի դեմ հարձակման պլանը կազմվել է 2014 թվականին, իսկ Հայաստանի դեմ՝ 2000 թվականին։ 2014 թվականին արդեն սիրիական խնդիրը կար, իսկ 2011 թվականից Թուրքիան զբաղված էր Սիրիան զավթելու ծրագրերում։
Հունաստանն ու Հայաստանը համատեղ ներկայացվեցին՝ ավելի մեծ արձագանք ստանալու համար։ Ինչպես գիտենք, Թուրքիան լուրջ խնդիրներ ունի քրիստոնյա Հունաստանի ու Հայաստանի հետ․ առաջինի դեպքում գիտենք, որ Թուրքիան, Հունաստանի հետ լինելով ՆԱՏՕ-ի անդամ, զավթել է հունական Կիպրոսի մի հատվածը, իսկ Հայաստանի հետ ունի ցեղասպանության ճանաչման և դատապարտման հետ կապված լուրջ խնդիրներ։
-Այս փաստաթղթից ելնելով՝ ի՞նչ առարկայական վտանգներ կարող ենք սպասել Թուրքիայից և ինչպիսի՞ն պետք է լինի մեր ռազմաքաղաքական ղեկավարության դիրքորոշումն այս հարցում։
-Հայաստանի դեմ հնարավոր հարձակման պարագայում ռուսական գործոնը ևս դերակատարություն ունի, քանի որ հայ-թուրքական սահմանը հսկվում է ռուսական զորքերի կողմից, և այդ հատվածից Հայաստանի վրա հարձակումը լուրջ սպառնալիք է նաև ՌԴ-ի անվտանգությանը։ Ըստ հայ-ռուսական դաշնակցային պայմանագրի՝ դա կդիտվի հարձակում ՌԴ-ի վրա, և այս փաստն իհարկե, Թուրքիայում հաշվի են առնում։
Այս փաստաթղթի հրապարակումը մեր ուժային կառույցները հաշվի են առնում և համապատասխան քայլեր ձեռնարկում են, որոնք, իհարկե, գաղտնազերծման ենթակա չեն։
Վարդուհի Մկրտչյան