Արցախի իշխանություններն Արցախի ժողովրդի անունից Արցախում արտադրված բժշկական նշանակության պարագաներ կուղարկեն Կալիֆոռնիա նահանգ՝ օգնելու ԱՄՆ բարեկամ ժողովրդին և մեր հայրենակիցներին՝ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում։
Ինչպես նշում են Արցախյան իշխանությունները, օգնությունն, իհարկե, մեծ չի լինի և խորհրդանշական բնույթ կկրի, բայց դրանով Արցախի Հանրապետությունն իր հնարավորությունների սահմաններում կմիանա COVID-19 համավարակի դեմ համաշխարհային պայքարին։
ԱՄՆ-ին մարդասիրական օգնություն ուղարկելու գաղափարը պատկանում է քաղաքագետ Սուրեն Սարգսյանին, ով նշել էր, որ ամենահարմար պահն է՝ Արցախն օգնության ձեռք մեկնի ԱՄՆ-ին։
Armenia Today-ի հետ զրույցում Սուրեն Սարգսյանն ասաց, որ Արցախի կողմից ԱՄՆ-ին հումանիտար օգնություն տրամադրելը մի քանի կարևոր նշանակություն ունի՝
1․ Միացյալ Նահագներն աշխարհի միակ պետությունն է, Հայաստանից բացի, որ տարբեր տարիների տարբեր ծրագրերով օգնություն է տրամադրել Արցախին։
2․ Շատ կարևոր է ընդգծել, որ Արցախը, չնայած նրան, որ դեռևս չճանաչված, բայց արդեն կայացած պետություն է և կարող է օգնության ձեռք մեկնել համաշխարհային այնպիսի իրավիճակների ժամանակ, ինչպիսին կորոնավիրուսի համավարակն է։
3․ ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում կորոնավիրուսային վիճակը ամենածանրերից է ու այնտեղ հայ համայնք կա, և կարծում են՝ շատ գեղեցիկ ժեստ կլինի թե՛ հայ համայքնին օգնելու, թե՛ Միացյալ Նահանգներին աջակցելու, թե՛ դիվանագիտական տեսանկյունից։
Հարցին, թե օգնության տրամադրումն ինչպիսի՞ ազդեցություն կունենա Արցախի հեղինակության վրա՝ որպես միջազգային ճանաչման ձգտող պետություն՝ քաղաքագետը նշեց, որ այստեղ խնդիրը ոչ այնքան միջազգային հանրությանն է վերաբերում, որքան՝ Միացյալ Նահանգներին և Արցախին։
«Արցախը կոնկրետ քայլեր է ձեռնակրում ԱՄՆ-ի հետ հարաբերությունները զարգացնելու համար։ Բնականաբար, սա որպես նախադեպ կարող է լինել այլ պետությունների հետ հարաբերությունները խորացնելու համար»,- ասաց Սարգսյանը։
Քաղաքագետն ընդգծեց, որ այս օգնության տրամադրումը կարող են հայ լոբբիստներն ու հայամետ դիրքորոշում ունեցող կոնգրեսականներն օգտագործել ԱՄՆ-ի կողմից Արցախին տրամադրվող օգնության դադարեցման հարցը հօգուտ Արցախի կարգավորելու ուղղությամբ։
«Արցախը, լինելով փոքր ու չճանաչված պետություն, այդուհանդերձ իր փոքր լուման է ներդնում համաշխարհային առողջապահական տագնապալի իրավիճակը հաղթահարելու համար, և այդ փոքր ջանքերը միանշանակ կգնահատվեն»,- ասաց նա։
Հարցին, արդյոք Ադրբեջանը կփորձի հակազդել արցախյան իշխանությունների այս նախաձեռնությանը՝ քաղաքագետը նշեց․
«Այո, միանշանակ կփորձի, բայց այստեղ իրավիճակը մի փոքր այլ է․ չեմ պատկերացնում, թե ինչպե՞ս Ադրբեջանը կփորձի հակազդել հումանիտար օգնության առաքմանը Միացյալ Նահանգներ, ինչի՞ն է Ադրբեջանը դեմ լինելու՝ հումանիտար օգնությա՞նը, թող դեմ լինի ու այդ մասին խոսի, իսկ աշխարհը կտեսնի, որ Ադրբեջանը հումանիտար աջակցությանը դեմ է։ Կարծում եմ՝ սա համաշխարհային հանրության համար մեծ ասելիք կլինի Ադրբեջանի ու նրա քաղաքականության մասին։ Եթե խնդիր առաջանա «Made in Artsakh» մակնշման մասով, ապա կարելի է մակնշում անել «Made in Armenia», որպեսզի հեշտ լինի արտահանել, բայց փաթեթների վրա գրել «Աջակցություն Արցախի ժողովրդի անունից» այնպես, ինչպես ամերկացիներն են USAID-ի օգնության պարագայում գրում՝ «Աջակցություն ամերիկյան ժողովրդի անունից»»։
Վարդուհի Մկրտչյան